158953 դիտում
15:45 02-09-2019
Հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորգի եղբոր տղան կասկածվում է քաղաքացուց շորթմամբ, բռնություն գործադրելու սպառնալիքով 500 հազար դրամի սիգարետ պահանջելու մեջ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օգոստոսի 24-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչություն է դիմել Երևանի բնակիչ՝ 33-ամյա մի քաղաքացի և հայտնել, որ Երևան քաղաքի Մալաթիա թաղամասի բնակիչ, ոմն «Մինասի» դրդմամբ Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ՝ ոմն «Գևորգը» օգոստոսի 23-ին, երեկոյան մի խումբ անձանց հետ միասին Օշական գյուղում գտնվող ավտոգազալցակայանում իր և իր ընկերներ Դ. Ս-ի ու Հ. Ս-ի նկատմամբ բռնություն են գործադրել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացին հայտնել է, որ Օշականցի Գևորգը բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է, որպեսզի Մինասը փոխանցի որպես սկզբնական գումար 65 հազար դրամ, իսկ Գևորգը պահանջել է առանձին 5 օրվա ընթացքում իրեն փոխանցել 500 հազար դրամի ծխախոտ։՛
Նշված դեպքի վերաբերյալ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել բռնություն գործադրելու սպառնալիքով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Մեկ անձ ձերբակալվել է:
2019 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչը, բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջում է վճարել իր ծանոթի՝ հացատանն ունեցած պարտքը, իսկ 2019 թվականի օգոստոսի 23-ի երեկոյան Արագածոտնի մարզի բնակիչն ընկերների հետ ծեծի է ենթարկել իրեն և իր երկու ընկերներին՝ կրկին պահանջելով վճարել հիշյալ պարտքը և այն գումարը, որը կասի Երևան քաղաքի՝ վերոհիշյալ բնակիչը: Բացի այդ, հաղորդում ներկայացրած անձը, ով նույնպես Երևան քաղաքի բնակիչ է, հայտնել է նաև այն մասին, որ նույն գազալցակայանում Արագածոտնի մարզի հիշյալ բնակիչն իրենից պահանջել է հինգ օրվա ընթացքում տալ 500.000 ՀՀ դրամի սիգարետ՝ հակառակ դեպքում սպառնալով բռնություն գործադրել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է Արագածոտնի մարզի բնակիչ՝ ծնված 1989 թվականին:
Դեպքի առթիվ Ոոստիկանության Աշտարակի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, որն ուղարկվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ: Մեկ անձ ճանաչվել է տուժող:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի օգոստոսի 23-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի 30-ամյա բնակիչն Աշտարակ քաղաքից դեպի էջմիածին տանող ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում մի խումբ անձանց հետ ծեծի է ենթարկել Երևան քաղաքի երեք բնակիչներին, որից հետո, բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանցից մեկից պահանջել է հինգ օրվա ընթացքում իրեն փոխանցել 500.000 ՀՀ դրամի ծխախոտ:
Նախաքննության ընթացքում կատարվել են խուզարկություններ: Տուժողին հասցված մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
30-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ շորթում կատարելու կասկածանքով: Դատարանը բավարարել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, սակայն միևնույն ժամանակ թույլատրելի համարել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին»։
[color=#CC0000]Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քաղաքացու մատնանշած Օշականցի Գևորգը հանդիսանում է Օշական գյուղի բնակիչ, նախկինում 5 անգամ դատապարտված, 30-ամյա Գևորգ Մելիքյանը, ով հանցագործ աշխարհում «օրենքով գող» Օշականցի Գևորգի եղբոր՝ Սերգեյի տղան է։
[/color]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: