6064 դիտում
12:46 04-09-2019
Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել տեխնոլոգիական առաջատար «Thales Group» ընկերության պատվիրակությունը
Արագ փոփոխվող աշխարհում միավորել փորձառությունը, տաղանդն ու մշակույթը՝ նախագծելու և կյանքի կոչելու այնպիսի բարձր տեխնոլոգիական լուծումներ, որոնք կյանքն ավելի լավն ու ապահով կդարձնեն: Այսպիսին է միջազգային տեխնոլոգիական առաջատար «Thales Group» ֆրանսիական ընկերության կարգախոսը, որի պատվիրակությունը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով ժամանել է Հայաստան: Այս այցի շրջանակում մեր երկրում են ընկերության ռազմավարության և համագործակցության հարցերով փոխնախագահ Ֆիլիպ Վալերին, վաճառքի և մարկետինգի հարցերով փոխնախագահ Ժերոմե Սիոնը, բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Ալեքսանդր Գոդլևսկին և փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմին:
Ֆրանսիական և եվրոպական տեխնոլոգիական առաջատար այս ընկերության հետ համագործակցության հիմքերը դրվել էին դեռ 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիա կատարած այցի շրջանակում հանդիպումներ էր ունեցել «Thales Group» -ի ղեկավարության հետ, իսկ 2018 թվականի նոյեմբերին այցելել էր ընկերության թվային արտադրամաս ու ծանոթացել գործունեությանը և ընթացիկ ծրագրերին, քննարկել հայաստանյան ընկերությունների հետ հնարավոր համագործակցության ուղղություններին վերաբերող հարցեր։ Հանրապետության նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ընկերության բարձրաստիճան պատվիրակությունն այս տարվա հունիսին Դիլիջանում մասնակցեց «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին:
Արդեն 2019 թվականի հունիսին Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում այցելել էր «Thales Group»-ի տաղավար և հանդիպել ընկերության նախագահ Պատրիս Քեյնի հետ: Հենց այստեղ էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել «Thales Group»-ի ներկայացուցիչների այցը Հայաստան կազմակերպելու, ինչպես նաև փոխգործակցության կոնկրետ ուղղությունների վերաբերյալ արդեն իսկ պատրաստված համապատասխան փաստաթուղթն ուսումնասիրելու նպատակով աշխատանքային խմբեր ստեղծելու վերաբերյալ: Մասնավորապես հեռանկարային են համարվում արհեստական բանականության, թվային տվյալների կառավարման և մի շարք այլ ոլորտներում համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը:
Հայաստան այցի շրջանակում «Thales Group»-ի պատվիրակությունը հանդիպումներ կունենա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ, կայցելի առաջատար տեխնոլոգիական ընկերություններ, մասնավորապես՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, BetConstruct ընկերություն, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, կհանդիպի հայկական ստարտափների ներկայացուցիչների հետ, կուսումնասիրի բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայաստանյան փորձն ու արձանագրած հաջողությունները:
«Thales Group» ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում և զբաղվում էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության շուկաներում:
Նմանատիպ նյութեր
1204 դիտում
16:10 26-02-2019
ՀՀ նախագահի հրավերով ավիատիեզերական ոլորտի աշխարհի առաջատար THALES-ի պատվիրակությունը կժամանի Հայաստան
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3916 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին