211652_close_icon
views-count2768 դիտում article-date 22:53 04-09-2019

Հոնկոնգը մտադիր է չեղարկել բողոքի համատարած ցույցերի պատճառ դարձած օրինագիծը

Հոնկոնգի գործադիր տնօրեն Քերի Լեմն ասել է, թե իր կառավարությունը պաշտոնապես կչեղարկի կասկածյալներին Չինաստանի իշխանություններին համձնելու մասին օրինագիծը։ Հիշեցնենք, որ այս նախագծի պատճառով Հոնկոնգում սկսվեցին համատարած բողոքի ցույցեր, որոնք ավելի ուշ վերածվեցին ժողովրդավարության կոչերով ակցիաների, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5069451.html]Ամերիկայի Ձայնը[/url]։ Լեմն ասել է, թե ինքը ցանկանում է վերականգնել խաղաղությունը եւ օրենքի գերակայությունը Հոնկոնգում։ ՝՝Մենք բոլորս ենք ցանկանում գտնել ներկա փակուղային իրավիճակից դուրս գալու ուղիներ՛՛, ասել է նա։ Չորեքշաբթի օրը Լեմի կողմից ընդունված անակնկալ որոշումը ցուցարարների ներակայացրած հինգ պահանջներից միայն մեկն է։ Ժողովրդարության կոչերով հանդես եկողները պահանջում են նաեւ սկսել հետաքննություն ոստիկանների կողմից գործադրված բռնությունների կապակցությամբ, պահանջում են ձերբակալված բոլոր անձանց ազատ արձակումը եւ ժողովրդավարական բարեփոխումներ։ Ժողովրդավարության կողմնակից պատգամավորներն ասում են, թե օրինագիծը չեղարկելու մասին Լեմի կոչը ՝՝շատ քիչ է ու շատ ուշացած՛՛։ ՝՝Վնասն արդեն հարուցված է, իսկ վերքերը՝ դեռեւս թաց։ Այժմ պիտի երիտասարդ ցուցարարները որոշեն, թե ինչպես են ընդունում կառավարչի կոչը։ Մենք հավատացած ենք, որ երիտասարդները հավատարիմ են մնում իրենց բոլոր հինգ պահանջներին եւ պայքարը չեն դադարեցնի, քանի դեռ իշխանություններն այդ պահանջները չեն հարգել՛՛, ասում են նրանք։ Բողոքի ցույցերի արդյունքում Ասիայի ֆինանսական այս հանգույցում ամենօրյա սովորական կյանքը կանգ է առել։ Ցուցարարները փակել են քաղաքի մետրոն եւ օդանավակայանը։ Ներկա պահին մի քանի հազար ցուցարար ձերբակալված է։ Մինչեւ չորեքշաբթի օրն արտասանած իր ելույթը, որում Լեմն ասում է, թե մտադիր է չեղարկել կասկածյալներին Չինաստանի իշխանություններին հանձնելու մասին օրինագիծը, հրապարակվել էր մի ձայնագրություն, որտեղ Լեմը Հոնկոնգի գործարար աշխարհի ղեկավարներին ասում է, որ եթե ինքն ՝՝ունենար հնարավորություն, կներկայացներ հրաժարական՛՛։ Լեմն ասել է, թե ինքն այդ հարցով չի խոսել Չինաստանի պաշտոնատար անձանց հետ եւ չի էլ ներկայացրել հրաժարական Չինաստանի կառավարությանը։ Սակայն ցուցարարները եզրակացնում են, որ Չինաստանի իշխանությունները նրան թույլ չեն տալիս դիմել այդ քայլին։

Նմանատիպ նյութեր