21041 դիտում
12:31 11-09-2019
Էրեբունու տարածքում բնակվող ջրաշենցիներն ասում էին. «Արգիշտի թագավորը տեսներ, քաղաքապետին կասեր՝ Երևանը միայն Կենտրոնը չէ». թաղամասում աղբի բուրգերն արդեն լցվում են մանկապարտեզ ու դպրոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում կուրծք ծեծելով հայտարարում էր, որ մայրաքաղաքում աղբահանության խնդիրը կարելի է համարել լուծված, մինչդեռ եթե քաղաքապետի համար մայրաքաղաքը համարվում է միայն Կենտրոն վարչական շրջանը, ապա, կարելի է ասել, որ նա չարաչար սխալվում է. մայրաքաղաքը սկսվում է ծայրամասերից ու որոշ տեղեր ստեղծվել են աղբի բուրգեր։
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարևանությամբ է գտնվում Էրեբունի վարչական շրջանին պատկանող Ջրաշեն վարչական տարածքն ու եթե Արգիշտի թագավորը ողջ լիներ ու բարձունքից տեսներ, թե ինչպիսի հակասանիտարական վիճակ է տիրում, ապա քաղաքապետ Հ. Մարությանին կհորդորեր, որպեսզի թե նա, թե Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը խոսքից անցնեն գործի, ու Արգիշտի թագավորի պատկերացրած Երևանը այսպես չէր, ինչպես հիմա է։
Ջրաշենցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Քանի օր է՝ նույն հակասանիտարական վիճակն է։ Էրեբունու թաղապետարան զանգում ենք, չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին։ Ասես կարմիր մոլորակ զանգենք։ Ո՞վ է տեսել՝ 21-րդ դարում աղբը օրերով մնա փողոցում։ Արկղերն այնքան են լցվել, որ ստիպված աղբը թափում ենք աղբարկղերից դուրս։ Մանկապարտեզի ու դպրոցի մոտ ամբողջովին տիրում է գարշահոտություն։ Մի քանի օր էլ, եթե աղբը չտեղափոխեն, ապա մանկապարտեզի առաջին հարկի պատուհանները փողոցից չես կարող տեսնել, երեխաները կհայտնվեն «աղբի խրամատում»»։
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+