2176 դիտում
21:30 16-09-2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպումներ է ունեցել Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի և Լիտվա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ
Պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 16-ին հանդիպեց Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև փոխնախագահ և եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Գեդիմինաս Կիրկիլասը:
Գոհունակություն հայտնելով երկու երկրների խորհրդարանների միջև առկա ակտիվ երկխոսության կապակցությամբ՝ ԱԳ նախարար Մնացականյանը և Սեյմասի խոսնակ Պրանցկետիսը ընդգծեցին խորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ հետևողական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում նախարար Մնացականյանը նշեց, որ Վիկտորաս Պրանցկետիսի առաջիկա այցը Հայաստան լրացուցիչ խթան կհաղորդի խորհրդարանական երկկողմ հարաբերությունների ընդլայմանը և խորացմանը։
Ներկայացնելով Հայաստանի կառավարության առաջնահերթություն հանդիսացող բարեփոխումների օրակարգը՝ նախարար Մնացականյանը նշեց, որ կառավարությունը հաստատակամ է և ունի քաղաքական կամք՝ կյանքի կոչելու ժողովրդի կողմից տրված լայն մանդատի շրջանակներում իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ ուղղված երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդմանը:
Անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությանը՝ նախարար Մնացականյանը կարևորեց Եվրամիության և անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս առնչությամբ բարձր գնահատվեց նաև Լիտվայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում համագործակցության խորացման ուղղությամբ ցուցաբերվող աջակցությունը:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
Նույն օրը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ նաև Լիտվայի Սեյմասում գործող ամենամեծ բարեկամական խմբի՝ Լիտվա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Գուոդա Բուռոկիենեի և խմբի որոշ անդամների հետ։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկու երկրների համար առաջնային ոլորտ հանդիսացող տեղեկատվական տեխնոլոգիաների, սմարթ զարգացման, ստեղծարար կրթության, բնապահպանության և բազմաթիվ այլ ոլորտներում համագործակցության և երկրների փորձի փոխանակման հեռանկարների շուրջ:
ԱԳ նախարարը խորհրդարանականներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։ Զրուցակիցները համակարծիք էին, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
Նմանատիպ նյութեր
1177 դիտում
19:06 03-10-2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին
1143 դիտում
20:56 04-10-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»