1885 դիտում
23:30 23-09-2019
«Պոլսահայ համայնքը չունի վստահություն ներշնչող առաջնորդ և դրա հետևանքով կորցրել է միասնականությունը». Բագրատ Էստուկյան
Պոլսի հայ համայնքի առջև ծառացած խնդիրների, Թուրքիայի քաղաքական զարգացումների և այլ թեմաների շուրջ [url=https://www.ermenihaber.am/am/news/2019/09/23/%D4%B2%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%BF-%D4%B7%D5%BD%D5%BF%D5%B8%D6%82%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6-%D4%B1%D5%AF%D5%B8%D5%BD/164374]Ermenihaber.am[/url]-ը հատուկ հարցազրույց է պատրաստել Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր, հայ համայնքի շրջանակներում ճանաչված հասարակական գործիչ Բագրատ Էստուկյանի հետ:
- Պարոն Էստուկյան, սկսենք պոլսահայ համայնքի խնդիրներից։ Ի՞նչ մարտահրավերներ ու հարցեր կան, որ շարունակում են մնալ օրակարգային և օրախնդիր:
- Գլխավոր խնդիրը շարունակում է մնալ պատրիարքի ընտրությունը: Դրա հետ են կապված նաև համայնքային հաստատությունների ընտրությունները, որովհետև այդ մարմինները նոր կանոնագրի պատրաստության պատճառաբանությամբ երկար ժամանակ է չեն կարողանում ընտրություններ իրականացնել: Եվ այս մարմինների թվում կան նաև բավականին լուրջ գումարներ տնօրինող մարմիններ, հետևաբար կարևոր է նրանց` ընտրված վարչություն ունենալը: Սա ամենակարևոր խնդիրն է: Այս խնդրի կարգավորումը կարող է մեղմել նաև համայքնի մեջ տիրող պառատակտման երևույթը:
Այսօր պառակտում է տիրում, որովհետև համայնքը չունի ընտրված առաջնորդ, չունի վստահություն ներշնչող առաջնորդ և դրա հետևանքով էլ կորցրել է միասնականությունը: Մենք այս ընտրություններն ապահովելով կարող ենք վերաշահել և վերագտնել այդ միասնությունը: Եվ այս առումով էլ կարևոր է: Բայց, անշուշտ, ուրիշ երևույթ էլ կա. Թուրքիայի հայության ընդհանուր խնդիրներն ընդգծված կերպով կապված են երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական համակարգի հետ: Դա էլ մեզ վրա ազդող երևույթ է: Այսօր մի կողմից Թուրքիան դեմ հանդիման է տնտեսական ճգնաժամի, մյուս կողմից միջազգային քաղաքականության առումով զանազան երկրների հետ խնդիրներ ունեցող երկրի է վերածվել: Այդ բոլորից անմասն չենք մնում նաև մենք: Այսօր միգուցե Թուրքիան լավ շփումներ ունի Ռուսաստանի հետ, փորձում է նաև լավ շփումներ ունենալ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրներ հետ: Սակայն այդ շփումների արդյունքում ավելի շատ թշնամություն և խնդիրներ ստացավ: Այսօր Եգիպտոսը Թուրքիային թշնամի երկիր դարձավ, Սիրիան, բնականաբար, թշնամի երկիր դարձավ, Իրաքը՝ նույնպես: Տարածաշրջանում Թուրքիան բավականին դժվար իրավիճակի մեջ հայտնված երկիր է:
- Ռուսաստանի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցության ակտիվացումը և հարաբերությունների ջերմացումը Ձեր կարծիքով ի՞նչ ռիսկեր են ստեղծում Հայաստանի համար։
- Թուրքիան Հայաստանի դեմ միշտ որդեգրել է վանողական և մերժողական մոտեցում: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանը Հայաստանի կարևորագույն դաշնակիցն է: Բայց նույն Ռուսաստանը միևնույն ժամանակ Ադրբեջանին զենք մատակարարող երկրներից է: Հետևաբար մենք՝ հայերս, չենք կարող անվերջ վստահել որևէ գերտերության և ստիպված ենք միշտ մեր ինքնապաշտպանությունն ապահովելու ինքներս: Որքան էլ մեր երկիրը փոքր լինի, որքան էլ մեր ուժերը սահմանափակ լինեն, առաջին հերթին պետք է պատերազմից խուսափենք, պատերազմի տեղի չտալ, բայց եթե արդեն անհրաժեշտություն դառնա և պատերազմն անփուսափելի լինի, ինչ արած, մենք արդեն ապացուցել ենք, որ պատերազմից վախեցող չենք: Այնուամենայնիվ, պատերազմը մարդկության դեմ հանցագործություն է, և մենք մինչև հարկադրված չլինենք պատերազմի ուղին չպետք է ընտրենք: Բայց մեր անվտանգությունն էլ չենք կարող վստահել որևէ մեկին. մենք ենք, որ պետք է ապահովենք այն:
- Բացի ավանդական հայ համայնքից գիտենք, որ գոյություն ունի նաև հայաստանցիների խնդիրը։ Առարկայական լուրջ վտանգներ տեսնու՞մ եք Թուրքիայում հայաստանցիների հետագա ճակատագրի հետ կապված։
- Նրանցից շատերը վերջին երկու տարվա զարգացումներից հետո սկսել են մտածել հայրենիք վերադառնալու մասին, բայց կա նաև մի զանգված, որը փոքրաթիվ չէ և մտադիր չէ վերադառնալ և փորձելու են ամեն գնով մնալ Թուրքիայի մեջ, որովհետև իրենց ունեցած փորձով Թուրքիայի մեջ ավելի հեշտ է աշխատանք ճարել: Այդպիսիք ուզում են շարունակել ապրել և աշխատել Թուրքիայում: Որքան ժամանակ, որ օրինական կարգավիճակ չունեն, նրանք միշտ այդ վտանգն իրենց մաշկի վրա զգալու են, որ կարող է պետության քաղաքականությունը փոխվել և նրանց գոյությունը Թուրքիայում կարող է վերջ գտնել: Սա իրենց համար, անշուշտ, մտատանջություն է, լուրջ մտահգություն և միշտ էլ կա նման հավանականություն: Օրինակ` սիրիացի փախստականները «հրավիրված էին» կարծեք թե Թուրքիա, բայց հիմա նրանց որսում են և հետ են ուղարկում Սիրիա, նույնիսկ այն վայրերը, որտեղ դեռ շարունակում են պատերազմական գործողությունները: Հայաստանցիների մի մասի համար գլխավոր վտանգը Թուրքիայից վտարվելն է: Նրանք խառնամուսնությունների, իրենց սերունդների հայ մնալ-չմնալու ռիսկերը հաշվի են առել, որ ուզում են շարունակել Թուրքիայում ապրել:
- Վերջերս նկատելի է Հայաստանի քաղաքացիության համար դիմումների աճի միտում։ Այսինքն Թուրքիայի հայերը բավականին շատ են դիմում Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Ինչո՞վ եք դա պայմանավորում։
- Անշուշտ ապահովության գործոնը պետք է նկատի առնենք, մանավանդ որ Մերձավոր Արևելքի հայ սփյուռքը շատ մեծ դասեր քաղեց Հալեպի մեջ տեղի ունեցածից: Հալեպը մեր կայացած համայնքներից մեկն էր` շատ լավ կազմակերպված մի համայնք, որն այսօր գրեթե գոյություն չունի պատերազմի բերումով: Դա բոլորի համար շատ տպավորիչ օրինակ հանդիսացավ և այդ առումով բացառություն չեն նաև պոլսահայերը: Մեկ այլ գործոն էլ կա. ոմանք համոզված են, որ տիրանալով Հայաստանի Հանրապետության անձնագրին՝ ավելի հեշտ առանց վիզայի հետագայում կկարողանան ճամփորդել դեպի եվրոպական երկրներ: Միգուցե դա էլ մի գործոն է: Բայց կա նաև մի զանգված, որի մասն եմ կազմում ես ինքս, մեզ համար ուղղակի հպարտություն է Հայաստանի քաղաքացի դառնալը և Հայաստանի հետ ավելի օրգանիկ կապ ունենալը, ավելի ուղղակիորեն քաղաքացիության գծով Հայաստանի հետ կապված լինելը մեզ համար ուրախություն է:
- Վերադառնանք այս տարի սպասվելիք թերևս ամենակարևոր իրադարձությանը՝ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններին. Ինչպիսի՞ խմորումներ են տեղի ունենում այդ հարցի շուրջ համայնքում։ Ընդհանրապես համայնքի ներսում ի՞նչ են խոսում, ի՞նչ ակնկալիքներ կան։
- Տարբեր զանգվածներ տարբեր մտավախություններ ունեն: Նախ այս պահին հստակ կա դեռ երկու թեկնածու, մեկը` Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, մյուսը` Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Նրանք երկուսն էլ ունեն իրենց համակիրների շրջանակը, բայց կա ավելի մեծ զանգված, որը նրանց երկուսին էլ դեմ է և փնտրում է երրորդ անուն: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում և գաղտնիք չէ, որ այդ երրորդ անունն էլ այս պահին արդեն հստակ է դառնում հանձին Սեպուհ Սրբազան Չուլջյանի: Սեպուհ Սրբազան Չուլջյանին համակրող կարևոր մի զանգված կա և ներկա պահին այս երեք անուններն են, որ հստակ երևում են: Հետևաբար կարող ենք խոսել դեռ միայն այս երեք անունների շուրջ: Միգուցե չորրորդ անունն էլ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչիյանն է, որը մինչ այդ ընտրվել էր որպես տեղապահ և բացառված չէ, որ նա էլ կառաջադրի իր թեկնածությունը:
Նմանատիպ նյութեր
9173 դիտում
10:19 11-12-2022
Վստահություն ներշնչող մարմնամարզիկը
3450 դիտում
23:40 03-06-2019
Բագրատ Էստուկյան. «Ընդհանրապես Թուրքիայում հայերի դեմ նման հարձակումները ատելության դրդումով են կատարվում»
10368 դիտում
09:15 11-04-2020
Կորոնավիրուսի դեմ պայքարում հույս ներշնչող լուրեր ԱՄՆ-ից. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
811 դիտում
11:53 17-11-2024
Երևանում կկայանա Շառլ Ազնավուրին նվիրված ֆիլմի պրեմիերան
781 դիտում
10:43 17-11-2024
Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
1399 դիտում
09:59 17-11-2024
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի