6641 դիտում
23:23 25-09-2019
Համարում եմ, որ նախքան ներգրավվող անձին պաշտոնապես իրազեկելը մամուլով նման տեղեկատվություն տարածելը կոպտորեն խախտում է առնվազն բարոյականության և բարեվարքության բոլոր կանոնները.Վիգեն Սարգսյան
Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով նախատեսվում է ինձ ներգրավել մեղադրյալի կարգավիճրակով: Խոսքը վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զինծառայողներին բաշխվող բնակարանների հատկացման կարգը ենթադրաբար խախտելուն:
Համարում եմ, որ նախքան ներգրավվող անձին պաշտոնապես իրազեկելը մամուլով նման տեղեկատվություն տարածելը կոպտորեն խախտում է առնվազն բարոյականության և բարեվարքության բոլոր կանոնները:
Քննչական մարմիններն, առանց վկայի կարգավիճակով դիրքորոշումս հայտնելու հնարավորություն տալու, ձեռնարկում են ակնհայտորեն քաղաքական նպատակներ հետապնդող քայլեր: Դա չափից ավելի կանխատեսելի էր և ակնկալելի: Ակնհայտ է, որ այս գործընթացի հիմնական նպատակն է հերթական հարվածը հասցնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և բանակի ղեկավարության վարկանիշին:
Իմ գտնվելու վայրի մասին հանրայնորեն բազմիցս իրազեկել եմ, գործում են իմ էլեկտրոնային փոստը, պաշտոնական էջը և բջջային հեռախոսահամարը, որոնք, կարծում եմ, հայտնի են նաև «նոր» Հայաստանի իրավապահ մարմիններին:
Քանի որ ինքս այս օրերին ուսումնառության նպատակով գտնվում եմ ԱՄՆ-ում և ծրագրի ընդհատումն այս փուլում կհանգեցնի այն ավարտին հասցնելու հնարավորությունը կորցնելուն, լիազորել եմ փաստաբանիս կապվել Հատուկ քննչական ծառայության պատասխանատուների հետ` հետագա գործընթացներում ինձ ներկայացնելու նպատակով:
Շնորհակալ եմ ընկերներիս և հարազատներիս անհանգստության համար:
Գործընթացի և' ձևը, և' բովանդակությունը բազմաթիվ հարցեր են առաջացնում: Ես վրդովված եմ, բայց նաև հանգիստ, քանի որ բնակարանների բաշխման պատմությանն ու այս առանձին գործով քննվող գործընթացին առնչություն ունեցող անձինք, այդ թվում` բնակարան ստացածներն ու չստացածները, քաջատեղյակ են, որ գործընթացն իրականացվել է օրենքի պահանջներին համապատասխան, հստակ սկզբունքներով և չափանիշներով:
Ամբողջ ընթացքը և վերահսկողությունը իրականացրել է համապատասխան հանձնաժողովը` իր որոշումների առանցքում ունենալով մարտական ուղի անցած զինծառայողների առաջնահերթության սկզբունքը:
Հ. Գ. Զինծառայողների, ինչպես նաև զինհաշմանդամների և զոհվածների ընտանիքների բնակարանավորման խնդիրները մշտապես եղել են իմ գլխավորած գերատեսչության ուշադրության կենտրոնում, և մենք այդ ուղղությամբ իրականացրել ենք հանրությանը հայտնի քայլեր:
Մի քանի ամսվա ընթացքում լուծվել է տարիներով հերթագրված 1-ին խմբի զինհաշմանդամների և զոհված զինծառայողների անօթևան ընտանիքների բնակարանավորման խնդիրը, ինչպես նաև ներդրվել է զինծառայողների գերմատչելի վարկավորման ծրագիր:
Պատիվ ունեմ:
Նմանատիպ նյութեր
15989 դիտում
15:03 28-06-2014
Երևանի կայազորի զինվորական դատախազը, «մեծ մտածողի» հայացքով, կոպտորեն խախտում է երթևեկության կանոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4979 դիտում
15:59 24-01-2020
Ալեն Սիմոնյանը կոպտորեն խախտել է պատգամավորական էթիկայի կանոնները. Ազգային հակակոռուպցիոն խորհուրդ
15321 դիտում
23:31 17-04-2018
ՀՀ ոստիկանություն. Կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1861 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)