2919 դիտում
23:42 01-10-2019
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ
Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանում, ունենալ այս հնարավորությունը՝ Ձեզ հետ քննարկելու մեր ընդհանուր օրակարգի հարցերը: Կարծում եմ, որ այսօր իսկապես Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում տեղի են ունեցել հատկանշական իրադարձություններ, մենք ստորագրեցինք համաձայնագիր Սինգապուրի հետ, ուժի մեջ է մտնում Իրանի հետ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը, և ես շատ ուրախ եմ, որ այս ամենը տեղի է ունենում Երևանում: Դա հիշարժան փաստ է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության համար: Անկեղծ ասած, ես գոհ եմ, որ Եվրասիական տնտեսական միությունում մեր նախագահությունն այսպիսին եղավ: Իհարկե, դեռևս կա ժամանակ, ես հույս ունեմ, որ մեզ դեռևս կհաջողվի ԵԱՏՄ-ում արձանագրել այլ արդյունքներ ևս:
Եվ իհարկե, մեզ համար շատ կարևոր են մեր երկկողմ հարաբերությունները: Ռոււսաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր է և մենք այդ ռազմավարական գործընկերությունն ավելի ու ավելի ամուր դարձնելու հույս ունենք: Եվ շնորհակալություն պատրաստակամության, մեր հարաբերությունների ընկալման համար: Վստահ եմ, որ մեր հարաբերությունները կլինեն ավելի ու ավելի ամուր: Ամեն դեպքում մենք այդպես ենք տրամադրված»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
«Հարգելի Նիկոլ Վլադիմիրի,
Ես իմ կողմից ցանկանում եմ հաստատել մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը, դրանք ամրապնդված են ոչ միայն վերջին տարիների և տասնամյակների իրադարձություններով, այլ մեր ժողովուրդների հարաբերությունների դարավոր պատմությամբ։ Իսկ Ձեզ՝ որպես ԵԱՏՄ-ում նախագահողի, ցանկանում եմ շնորհավորել Երևանում կայացած գագաթնաժողովի արդյունքների կապակցությամբ: Դրանք իսկապես լավն են և երրորդ կողմի երկրների հետ կապերի զարգացման տեսանկյունից, և, որ, ավելի կարևոր է մեզ համար, ոչ մի խնդիր չի առաջացել, հակառակը, կազմակերպության շրջանակում մասնակից պետությունների միջև բոլոր համաձայնությունները ձեռք են բերվել: Դուք այն մարդն եք, ով ներդրել է առավելագույն ջանքեր՝ նման արդյունավետ աշխատանքի համար: Դրա համար ես ցանկանում եմ Ձեզ ոչ միայն շնորհավորել, այլ նաև շնորհակալություն հայտնել»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
Ջերմ և բարեկամական մթնոլորտում անցած առանձնազրուցի ընթացքում Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը, ռազմաքաղաքական գործընկերության հետագա ամրապնդմանը, տարածաշրջանային նշանակության հարցերի:
Նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ռուսաստանի Դաշնություն:
Նմանատիպ նյութեր
2408 դիտում
21:44 09-03-2020
Նիկոլ Փաշինյանը եւ Շառլ Միշելը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ
2475 դիտում
22:18 25-06-2019
Քննարկվել է ՀՀ-Իրան հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ
7529 դիտում
11:43 05-08-2021
Նիկոլ Փաշինյանը եւ Էբրահիմ Ռայիսին քննարկել են հայ-իրանական համագործակցության ընդլայնման հարցերի լայն շրջանակ
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»