1940 դիտում
10:35 02-11-2019
Քանի որ ամեն ինչ հավաքվել է «մեկ փաթեթի» մեջ՝ դժվար է թացը չորից տարբերել․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջին շրջանում խիստ սրվել է «ազգային թեմաներով» քարոզչությունը, և քննարկվող հարցերի մեջ կան երկրորդական նշանակություն ունեցող, կեղծ օրակարգ ձևավորող թեմաներ, կան նաև լուրջ խնդիրներ: Քանի որ ամեն ինչ հավաքվել է «մեկ փաթեթի» մեջ՝ դժվար է թացը չորից տարբերել, բայց փորձեմ առանձնացնել մի քանի ուղղություն:
1/ Համերգ չեղարկել այն պատճառով, որ մարդկանց ինչ-որ մի խմբի թվում է, թե ռոք խումբը սատանիզմ է քարոզում, սխալ է: Վաղը որևէ մեկի մտքով կարող է անցնել, որ, ասենք, Մոցարտի «Մասոնական մեսսան» է սատանայական կամ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտը» վեպը, և դրանք նույնպես պետք է արգելել, որովհետև այդ ստեղծագործությունները սպառնում են մեր ազգային նկարագրին:
2/ Պետության կողմից նախկին ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի պետական ֆինանսավորման մեջ ինքնին ոչ մի խնդիր չեմ տեսնում: Կարևորն այն է՝ այդ ֆիլմը լա՞վն է, թե՞ վատը: Չեմ տեսել, չեմ կարող ասել:
3/ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելը ճիշտ է՝ ոչ միայն այն պատճառով, որ մենք, ըստ Սահմանադրության, աշխարհիկ պետություն ենք, այլ՝ որովհետև նման ձևով այդ առարկան դասավանդելը վարկաբեկիչ է մեր եկեղեցու համար, հակառակ ռեակցիան է առաջանում երեխաների մոտ: Հայ ժողովրդի պատմության մեջ հսկայական է եկեղեցու դերը, բայց այդ շրջանակից դուրս գալը կրոնական քարոզ է: Աստվածաշունչը, աղոթքն անձամբ ինձ համար շատ կարևոր բաներ են, բայց դա չի կարող պետական դպրոցում դասավանդվել այնպես, ինչպես առաջ պիոներական երդումն էր երեխաների վզին փաթաթվում՝ «ապրել և սովորել, ինչպես ժառանգել է մեծ Լենինը, ինչպես ուսուցանում է Կոմունիստական կուսակցությունը»: Պետք է գտնել երեխաների հոգևոր դաստիարակության այլ ձևեր:
4/ Հայոց լեզուն բուհական պարտադիր ծրագրից հանելը սխալ է, գրականությունը և պատմությունը՝ քննարկելի: Երիտասարդների համընդհանուր անգրագիտության, «ֆեյսբուքյան» աղճատված լեզվի պայմաններում լեզուն իսկապես մնում է այն հանգրվանը, այն խարիսխը, որի վրա հիմնվում է մեր ազգային ինքնությունը:
5/ Կանանց հանդեպ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի ԵԽ կոնվենցիայի մասին տարածվող հեքիաթների մասին բազմիցս գրել եմ: Որքան էլ խնդրում եմ դրա հակառակորդներին այնտեղ մի բառ գտնել միասեռական ամուսնությունները թույլ տալու մասին, նրանք կա՛մ ոչինչ չեն կարողանում ասել, կա՛մ էլ՝ մատնանշում են ինչ-որ բառեր, որոնք այդ թեմայի հետ կապ չունեն: Պարզ է այս «հակաստամբուլյան» քարոզչության հաշվարկը մարդկանց անտեղյակության, մութ բնազդների, նախապաշարումների, «քյարթիզմի», իսկ եթե մեկ բառով բնութագրենք՝ տգիտության վրա է: Իսկ տգիտությունն, ինչպես հայտնի է, պետք է արմատախիլ անել: Բայց շարունակելով վարչապետի համեմատությանը, ասեմ, որ պինցետն այստեղ չի օգնի: Պետք է պարբերաբար լազերային էպիլյացիա անել»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4099 դիտում
10:52 02-05-2017
Թացը չորից զանազանելու համար պետք է քաղաքական գրագիտություն. «Առավոտ»
Այս բաժնից
3190 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2215 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1093 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»