211652_close_icon
views-count7609 դիտում article-date 09:34 17-12-2019

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա-ընթրիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Armtimes.com

[url=https://armtimes.com/hy/article/176282?fbclid=IwAR3C1g5DlVoOHeIdONga5O9Kih0YPueFpAtgm2B_5XDV-CrLhRBgVofZghY]Armtimes.com[/url]-ը գրում է. ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 14-ի երեկոյան ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա-ընթրիքին: Գալա-ընթրիքին մասնակցել են մաեստրո Տիգրան Մանսուրյանը, աշխարհահռչակ ջութակահար, «Գրեմմիի» կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանը, հասարակական և քաղաքական գործիչներ, գործարարներ: Գալա-ընթրիքի ժամանակ հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու 2020 թվականի համար նախանշվող նոր նախաձեռնությունները: «Մեր համոզմամբ մեր ծրագրերը հստակ քայլեր են՝ միտված երջանիկ ապագա ունենալու տեսլականին: Այն առաջընթացը, որ ապրել է հիմնադրամը մեկ տարվա ընթացքում, լուրջ նախադրյալ է ստեղծել մեր գործունեության շարունակականության, զարգացման և խորացման համար: Այս ամենն անհնար կլիներ առանց մեզ սատար կանգնող մարդկանց և կազմակերպությունների: Ձեզանից շատերն իրենց զգալի ներդրումն են ունեցել մեր հաջողության գործում»,- ասել է Հովհաննես Ղազարյանը՝ շնորհակալություն հայտնելով ինչպես ներկաներին, այնպես էլ բոլորին, ովքեր մեծ ու փոքր ներդրում են կատարել, սփյուռքի բարերարներին, ովքեր առաջին օրվանից կանգնել են հիմնադրամի կողքին: «Սա առաջին հերթին վկայում է մեծ վստահության մասին, որը հիմնադրամը ոչ մի կերպ չէր կարող չարդարացնել: Այս ամենի կողքին էական կարևորություն ունի հայաստանյան ընկերությունների աճող աջակցությունն ու հիմնադրամի կողքին կանգնելու պատրաստակամությունը: Հայաստանում կայացած ընկերությունները սրտացավ են հանրային կյանքի, կիրթ և առողջ հասարակություն ունենալու նկատմամբ: Առկա է գիտակցումը, որ մեզ շրջապատող խնդիրները մեկուսի չեն: Նրանք ուղղակի կամ անուղղակի կերպով անդրադառնում են բոլորիս վրա: Հայաստանյան կազմակերպությունները պատրաստակամ են շատ ավելի մեծ ազդեցություն ունենալ թիրախավորված և տեսանելի արդյունքներ ապահովող ծրագրերում: Սա վկայությունն է այն բանի, որ Հայաստանում առկա է բարեգործության մեծ ներուժ»,- ասել է Հովհաննես Ղազարյանը: Գալա-ընթրիքի ժամանակ տեղի է ունեցել աճուրդ և դրամահավաք: Աճուրդի են հանվել ամերիկացի վիրտուոզ կիթառահար Ալ Դի Մեոլայի ստորագրությամբ կիթառը, Շառլ Ազնավուրի երգերի հավաքածուն՝ Նիկոլա Ազնավուրի ստորագրությամբ, «Կոմիտաս վարդապետ» կտավը, «Ավակեան Ժնև»-ի «Առաջին սեր» հավաքածուից ոսկյա մատանի և «Նուռ»-ի «Հովնաթանյան հավաքածու»-ից արծաթյա կրծքազարդ: Հիմնադրամի դրամահավաք-ընթրիքի ընթացքում հանգանակվել է 700.000.000 ՀՀ դրամ: Հիմնադրամի բարեկամ և ամենախոշոր աջակից Քրիստին Սիմոնն էլ երեկոյի ընթացքում տեսաուղերձով դիմեց ներկաներին և խոստացավ կրկնապատկել հանգանակված գումարը՝ դարձնելով այն շուրջ 1.400.000.000 ՀՀ դրամ: Երեկոյին ներկաներին ողջունել է ՀՀ վարչապետի տիկինը՝ շնորհակալություն հայտնելով կատարած նվիրատվության համար: Աննա Հակոբյանը դա որակել է որպես վստահության և գնահատանքի նշան: Մանրամասներն՝ [url=https://armtimes.com/hy/article/176282?fbclid=IwAR3C1g5DlVoOHeIdONga5O9Kih0YPueFpAtgm2B_5XDV-CrLhRBgVofZghY]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր