1224 դիտում
21:39 25-12-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շիրակի թեմի առաջնորդին և ներկայացուցիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին մարզային և քաղաքային իշխանությունների, թեմի տարբեր համայնքների ներկայացուցիչներ:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը Միքայել Սրբազանին հանձնեց արքության պատվի Հայրապետական սրբատառ կոնդակը: Դեռևս ս. թ. փետրվարի 26-ին` Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Սրբազանին շնորհվել էր արքության պատիվ` Հայոց Եկեղեցու անդաստանում անմնացորդ ծառայության և տարիների վաստակի համար:
Հանդիպումն սկսվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Ողջունելով Գյումրու և Շիրակի հավատավոր հայորդիների ներկայությունը` Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձավ առաջնորդ Միքայել Սրբազանի կյանքին և Հայ Եկեղեցու անդաստանում նրա բազմամյա բեղուն գործունեությանը: Ըստ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Միքայել Սրբազանն իր առաջնորդական ծառայության ընթացքում ծավալել է արդյունավոր գործունեություն թեմի քարոզչական, կրթական և եկեղեցաշինական ոլորտներում: Հայոց Հովվապետը հաստատեց, որ Միքայել արքեպիսկոպոսը հովվի և առաջնորդի բարձր գիտակցությամբ եղել է թեմի բոլոր` գործող և չգործող, կանգուն և խոնարհված եկեղեցիներում՝ աղոթքի մեկտեղելով հայորդիներին և լծվելով սրբավայրերի շուրջ հոգևոր կյանքի աշխուժացման առաքելությանը:
Նորին Սրբությունը նաև նշեց, որ շիրակցիների հետ շփումների ժամանակ ականատեսն է եղել հոգևոր և ազգային արժեքների նկատմամբ նրանց նախանձախնդրությանը, խորը հավատքին, հոգևորականների հանդեպ պահանջկոտությանը: Հայոց Հայրապետը շիրակցիներին մաղթեց Սուրբ Հոգու առաջնորդությունը եկեղեցաշեն, հայրենաշեն և ազգանվեր առաքելության մեջ:
Այնուհետև Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանն ընթերցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը, որում մասնավորապես ասված է.
«Սիրելի Սրբազան, Մայր Աթոռիս Հոգևոր ճեմարանում ամբողջացնելով հոգևոր Ձեր ուսումնառությունը, շուրջ երեք տասնամյակ առաջ Միածնի Իջման Սուրբ Սեղանի առջև մարմնի ու հոգու ծնրադրությամբ ուխտ կնքեցիք Բարձրյալ Տիրոջ հետ՝ որպես կուսակրոն եկեղեցական Ձեր կարողություններն անձնվիրաբար ի սպաս բերելու Կենաց Խոսքի քարոզչությանը:
Երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետի տնօրինությամբ ծառայության կոչվեցիք Եղեգնաձորի Սբ. Խաչ և Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ պատմական վանքերում, ապա տարբեր հանձնառություններ ստանձնեցիք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ամենայն նախանձախնդրությամբ իրականացնելով Ձեր առաքելությունը և հոգևոր սնունդ ջամբելով մեր ժողովրդի հավատավոր զավակներին:
Ձեր եկեղեցանվեր վաստակի բարձր գնահատանքով Մենք Ձեզ կոչեցինք Շիրակի թեմի Առաջնորդի պաշտոնին և արժանացրեցինք եպիսկոպոսության բարձր կոչման, վստահությամբ, որ նոր ու առավել պատասխանատու հանգամանքի մեջ պիտի հաջողեք մշտարթուն ծառայությամբ հավելել պայծառությունը մեր Սուրբ Եկեղեցու: Մենք ուրախ ենք մեծապես, որ Ձեր առաջնորդության տարիներին Թեմում համալրվել է հոգևոր դասը, կառուցվել ու նորոգվել են բազում եկեղեցիներ, ընդլայնվել է քարոզչական գործունեությունը՝ ի նպաստ Շիրակ աշխարհի Մեր սիրեցյալ զավակների հոգևոր կյանքի նորոգության»:
Հայրապետական կոնդակի հրապարակումից հետո Նորին Սրբությունն այն փոխանցեց Միքայել Սրբազանին, ինչպես նաև այս առիթով Սրբազանին ընծայաբերեց եպիսկոպոսական պանակե:
Հանդիպմանը ՀՀ Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից հրապարակվեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Միքայել Սրբազանի առաջնորդության 20-ամյակի և արքության պատվի արժանանալու առիթով:
Ապա երախտագիտության խոսքով հանդես եկավ Շիրակի թեմի առաջնորդ Սրբազանը: Միքայել արքեպիսկոպոսը, իր շնորհակալությունը հայտնելով Նորին Սրբությանն արքության պատվին արժանացնելու համար, ընդգծեց, որ այս հանգրվանն առիթ է նորոգելու իր ուխտն Աստծո, Հայ Եկեղեցու, հայրենիքի, Մայր Աթոռի և նրա գահակալի հանդեպ: Առաջնորդ Սրբազանը նշեց նաև, որ արքության աստիճանի շնորհումն առավել պարտավորեցնում է իրեն ամենայն նախանձախնդրությամբ շարունակելու իր հոգևոր ծառայությունը տիրախնամ Շիրակի թեմին, նրա հավատավոր զավակներին և հայրենիքին: Սրբազանը անդրադարձավ նաև ապագայի ծրագրերին, որոնց թվում կարևորությամբ ընդգծեց 2020 թվականին թեմի 100-ամյակի տոնախմբման միջոցառումները:
Ուրախալի այս առիթով իրենց սրտի խոսքն ասացին նաև Շիրակից ժամանած հայորդիները` վերստին Միքայել արքեպիսկոպոսին ուղղելով շնորհավորական բարեմաղթանքները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
6918 դիտում
18:57 18-03-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդին և ներկայացուցիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1832 դիտում
19:32 07-03-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդին
1355 դիտում
21:46 15-06-2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իրաքի հայոց թեմի նորընտիր առաջնորդին
Այս բաժնից
868 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
766 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
676 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան