1469 դիտում
11:22 30-12-2019
Ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջի խախտման դեպքում իրավունքի վերականգնման մեխանիզմները բացակայում են. Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենքով նախատեսված չէ դատարաններում գործերը ողջամիտ ժամկետում քննելու սահմանադրական պահանջի պատշաճ ապահովման ճկուն մեխանիզմ:
Խոսքը վերաբերում է Օրենսգրքի 9-րդ հոդվածին, որով միայն սահմանվել են դատարանում գործի քննության տևողության ողջամտությունը որոշելիս հաշվի առնվող հանգամանքները: Նշված հոդվածով ամրագրված չէ ողջամիտ ժամկետում գործի դատական քննության խախտված իրավունքի վերականգնման օրենսդրական հնարավորությունը:
Ստացվում է, որ օրենսդրական գործող կարգավորումների պայմաններում դատարանում գործի քննությունը կարող է տարիներով ձգձգվել և անհետևանք մնալ դատարանի համար:
Մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի տարեկան հաղորդման համաձայն՝ միայն Երևան քաղաքում առկա է 155 քրեական և 1628 քաղաքացիական գործ, որոնց քննությունը երկու և ավելի տարիներ ձգձգվում է (կան գործեր, որոնց քննությունը չի ավարտվում 10 և ավելի տարիներ): Միայն 7 դատավորների մոտ նման գործերի ընդհանուր թիվը հասնում է 1123-ի:
Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատական ակտի բողոքարկումը, կամ ընթացիկ գործերով մեկ այլ դատարանի կողմից ողջամիտ ժամկետի հարցի քննարկումը և ոչ նյութական վնասի հատուցում պահանջելը, կամ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը և նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելն արդյունավետ կառուցակարգեր չեն առկա օրենսդրական բացի լրացման համար:
Միջազգային իրավական համակարգերում մեծ տարածում ունեն ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման կանխարգելիչ միջոցները, որոնք, սակայն, մեր ներպետական կարգավորումներում բացակայում են:
Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ առկա օրենսդրական բացը չի ապահովում ողջամիտ ժամկետում գործի քննության սահմանադրական իրավունքի ամբողջական իրացման հնարավորությունը:
Սա իր հերթին հանգեցնում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով սահմանված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների անհարկի սահմանափակման:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»