211652_close_icon
views-count1786 դիտում article-date 21:05 15-01-2020

Հայ-Ռուսական համալսարանը և ՄԻՊ-ը ստորագրել են համագործակցության հուշագիր

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 15-ին ստորագրել են համագործակցության հուշագիր: «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը` Արման Թաթոյանի գլխավորությամբ, մեր կարծիքով այն ինստիտուտն է, որը ոչ միայն կայացել է իր գործառույթների տեսանկյունից, այլ նաև պրոֆեսիոնալ իմաստով շատ բարձր որակի վրա է, և ես շատ ուրախ եմ, որ մեր համալսարանի բազմաթիվ շրջանավարտներ, մասնագետներ նպաստել են այդ ինստիտուտի կայացմանը: Նաև շնորհակալ եմ պարոն Թաթոյանին իր մոտեցումների համար, որով նա ներկայանում է մեր հանրությանը. քաղաքական վայրիվերումներից և հոսանքներից բացարձակ զատված, իր ուրույն մասնագիտական գործառույթներն իրականացնող մարմին է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը»,- նշել է Արմեն Դարբինյանը: Հուշագրի նպատակն է սահմանել Կողմերի միջև համագործակցության ուղղությունները, ինչպես նաև կանոնակարգել դրա պայմանները և եղանակները: Կողմերը համաձայնում են համագործակցել մի շարք ուղղություններով և եղանակներով, որոնցից են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի և դրա պաշտոնատար անձի` օրենքին և այլ իրավական ակտերին հակասող նորմատիվ իրավական ակտերն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատարան հայցեր կայացնելու նպատակով ՀՌՀ-ի փորձագիտական աջակցության տրամադրում ՄԻՊ-ին, ՀՌՀ-ի առաջարկությամբ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու հարցի քննարկում ՄԻՊ-ի կողմից, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարան դիմել ու համար անհրաժեշտ հիմքեր նախապատրաստելու նպատակով Համալսարանի կողմից գիտական օժանդակության ապահովում և այլն: «Կարևորում եմ այս համագործակցությունը և ցանկանում եմ իմ կողմից հատուկ շեշտադրում անել, որ իմ համոզմամբ Հայ-Ռուսական համալսարանը կարևոր տեղ է զբաղեցնում մասնագիտական աշխատանքում, կարևորագույն նշանակություն ունի երկրում կրթական գործընթացների կազմակերպման տեսանկյունից և վստահ կարող եմ ասել, որ մեր կայացած ու կարևոր նշանակություն ունեցող ԲՈւՀ-երից մեկն է: »,- շեշտել է Արման Թաթոյանը` հավելելով, որ Հայ-Ռուսական համալսարանը բազմաթիվ կադրեր է տվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, որոնք նպաստում են կառույցի կայացմանը, մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը: Նշենք, որ վերոնշյալ հուշագրով Կողմերի միջև նախատեսվում է նաև մարդու իրավունքների և ազատությունների ոլորտին վերաբերող հիմնախնդիրների քննարկմանը նվիրված գիտաժողովների, սեմինարների, կլոր սեղանների, դասընթացների, իրազեկման տարբեր ծրագրերի կազմակերպում և անցկացում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում մասնագիտական քննարկումների և խորհրդակցությունների անցկացում, մասնագիտական գրականության փոխանակում, կողմերի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբերի ձևավորում` համատեղ վերլուծություններ իրականացնելու, ուսուցման ծրագրեր և գիտագործնական ուղեցույցներ մշակելու նպատակով: ՀՌՀ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր