211652_close_icon
views-count12448 դիտում article-date 23:42 25-01-2020

Հայկ Կոնջորյան. Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը չի հագել Սերժ Սարգսյանի կոստյումը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շարունակելով «Սերժ Սարգսյանի կոստյումի» թեման. Այսօր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի կոստյումի չարչրկված թեմային, ասաց, որ իր կոստյումը տարբերվում է «Սերժ Սարգսյանի կոստյումից» նրանով, որ իր գրպաններում չկան միլիարդներ, որոնք ինքը կօգտագործեր ընտրություններ կեղծելու, մարդկանց վախեցնելու համար, իր գրպաններում չկան 20-25 լրատվամիջոցներ։ Իսկ ուրիշ ի՞նչ կար Սերժ Սարգսյանի կոստյումի գրպանում, կհարցնեք դուք։ Օրինակ` այդ գրպաններում կար նաև պատկերավոր ասած՝ հեռակառավարման մի վահանակ՝ վրան բազմաթիվ կոճակներ, որոնցով էլ Սերժ Սարգսյանը կառավարում, իսկ ավելի ճիշտ՝ ապականում էր Հայաստանը։ Կոճակներից մեկով նա անջատում կամ միացնում էր դատարանները՝ կախված իրենց կլանային շահերից։ Արդարադատությունը խոսում կամ լռում էր ըստ կոճակի հրահանգների՝ խեղելով բազմաթիվ ճակատագրեր։ Կոճակներից մյուսով՝ նա ակտիվացնում էր քրեական տարրերին և թաղային խուժանին, օգտագործում նրանց մեծ ու փոքր խնդիրներ լուծելու, քաղաքական հակառակորդներին վախեցնելու և հալածելու, իշխանությունը վերարտադրելու համար։ Մեկ ուրիշ կոճակով նա ոստիկանությունը դարձնում էր մահակ՝ սեփական ժողովրդի մեջքին հարվածելու, սեփական քաղաքացիներին ջարդելու համար։ Չորրորդ կոճակով նա ակտիվացնում էր հարկային տեռորը օտարների և հարկային դրախտը՝ յուրայինների համար։ Ահա այսպես, այդ վահանակի վրա առկա բոլոր կոճակներով Սերժ Սարգսյանը վերահսկում և կապանքների մեջ էր պահում Հայաստանը։ Իսկ ու՞ր է հիմա այդ վահանակը, կզարմանար Մարսից հենց նոր Հայաստան ժամանած մի շարքային այլմոլորակային։ Բայց մենք գիտենք չէ՞, թե ուր է վահանակը, ուր են գրպանի միլիարդները, ուր են գրպանային լրատվամիջոցները, ուր են գրպանային դատավորները։ Դրանք ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կոստյումի գրպանում չեն, այլև հիմա ամենաստոր և կեղտոտ մեթոդներով հարվածում են առաջին հերթին հենց Նիկոլ Փաշինյանին, նրա ընտանիքին, նրա քաղաքական թիմին և այսօրվա իշխանությանը։ Արյունոտ փողերով ձեռք բերված լրատվամիջոցներ և բթամիտ ֆեյքեր, որոնք պրոպագանդայի բութ գործիք են դարձել նախկինների ձեռքում՝ ամեն օր հարվածելով մեր ժողովրդի գիտակցությանն ու ներկայիս իշխանությանը։ Դատարանների և դատավորների մի խումբ, որ փափագում է վերստին դառնալ ընդամենը կառավարվող վահանակի անդեմ կոճակ՝ միայն թե լափամանի ծայրը նորից տեսնեն։ Գողականներ և թաղային խուժան, որ նոր Հայաստանում տեղ չունեն, դեր չունեն և պետք չեն գործող իշխանությանը, որը հանձնառու է մաքրել մեր երկիրը քրեական բարքերից։ Նախկին ընտրակեղծարարների տարատեսակ խմբեր, որ դառնալով քաղաքականապես անտեր և անպետք, ոհմակներով մարտնչում են այսօրվա իշխանության և Հայաստանի ապագայի դեմ։ Այս ցանկը կարելի է շատ երկար շարունակել։ Սերժ Սարգսյանի կոստյումը, որը սուպերվարչապետության գործիքակազմի հավաքական ամբողջությունն էր, ոչ թե պարզապես Սահմանադրությամբ նրան տրված ֆորմալ լիազորություններն էին, այլ այդ լիազորությունների համադրությունն էր ոչ ֆորմալ ինստիտուտների, գողականների և հանցավոր խմբերի, կոռուպցիոն փողերի, կոմպրոմատների, իրեն հնազանդ դատական համակարգի և բազմաթիվ այլ ատրիբուտների հետ։ Այսինքն, սուպերվարչապետությունը սահմանադրությամբ թույլատրելի և անթույլատրելի ինստիտուտների հիբրիդն էր՝ տեղավորված մեկ մարդու կոստյումի գրպաններում։ Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի հագել Սերժ Սարգսյանի կոստյումը, այլև հրաժարվել ու պայքարում է դրա դեմ։ Ավելին, Սերժ Սարգսյանի կոստյումը, մնալով անտեր՝ պատերազմ է հայտարարել հենց Նիկոլ Փաշինյանին, այսօրվա իշխանությանը և Հայաստանի ապագային։ Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, Հայաստանում չկա սուպերվարչապետություն։ Կա սուպերվարչապետության ուրվական, որը շատ շուտով կմնա հին Հայաստանի վերջնականապես փակվող ճռռացող դռան հետևում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր