211652_close_icon
views-count3146 դիտում article-date 18:14 11-02-2020

Սկսած օպերատիվ աշխատակցից, մինչև շարքային ոստիկանը՝ պետք է իրեն պաշտպանված զգա հանցավորության դեմ պայքարում, այլապես, այս վենդետաների շղթան կանգնեցնել չի լինի. Տարոն Սիմոնյան

Ազգային ժողովում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտարարությունների ժամին իր ելույթը նվիրեց իրավապահ մարմինների աշխատանքին: «Վերջին մեկ-երկու տարիներին Հայաստանում հանցավորության մակարդակը բավականին բարձրացել է, և առանձին քաղաքներում շատ ավելի տեսանելի է: Բոլորովին վերջերս Վանաձորում արդեն մի քանի հոգու սպանությունը դրա ակնհայտ վկայությունն է: Ցավում եմ, որ ոստիկանությունը չի կարողանում այս վենդետաների շղթան բացահայտել և իրենից կախված ամեն ինչ չի անում, որ զինաթափի զինված խմբերին, որոնք առանձին քաղաքներում, առանց որևէ խոչընդոտի կարողանում են իրենց առջև դրված խնդիրները լուծել»,-ասաց նա: Տարոն Սիմոնյանը նշեց, որ օր առաջ պետք է զբաղվեն նման մասնավոր խմբերի զինաթափմամբ, որպեսզի մեր հանրությունը կարողանա իր առօրյան նորմալ կազմակերպել: «Բայց դրա համար ՀՀ ոստիկանությունում բարեփոխումներ են պետք, այդ բարեփոխումները միայն չպետք է թղթերով կատարել»,-ասաց նա և նշեց, որ բարեփոխումները պետք է լինեն հիմնավոր: «Սկսած օպերատիվ աշխատակցից, մինչև վերջին շարքային ոստիկանը՝ հանցավորության դեմ պայքարում պետք է իրեն պաշտպանված զգա, այլապես մենք որևէ խնդիր չենք կարող լուծել, քանի որ, եթե այդ ոստիկանը փորձում է պայքարել հանցավորության դեմ և պաշտպանված չի զգում իրեն, որքան էլ նվիրյալ լինի, չի կարողանա իր առաջ դրված խնդիրը լուծել: Ես հորդորում եմ իշխանությանը, իրավապահ համակարգի աշխատակիցներին՝ օր առաջ զբաղվել ոստիկանի պաշտպանվածությամբ, օր առաջ այն դուխը, որ կար հեղափոխության սկզբում՝ հաղորդեն, որպեսզի այդ նույն ոգով կարողանա պայքարել հանցավորության դեմ, այլապես, այս վենդետաների շղթան կանգնեցնել չի լինի»,-ասաց պատգամավորը, գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/02/11/Simonyan/3208111?fbclid=IwAR0A6i33X_Vo5tZACo7YmeMbX5lembCLrnC274c2car0zepmOvODnj6mVgY]Tert.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր