211652_close_icon
views-count1472 դիտում article-date 17:22 12-02-2020

ArmBone Festival-ի բացման համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը

Առաջին անգամ կազմակերպվող Երևանյան միջազգային Տրոմբոնի փառատոնի` ArmBone Festival-ի և վարպետության դասերի, բացման համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Համերգը կանցկացվի փետրվարի 13-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) ելույթ կունենա դիրիժոր Սանտյագո Դիազ Ագիռեի (Իսպանիա) ղեկավարությամբ: Թոմեր Մաշկովսկին (բաս տրոմբոն/Իսրայել/Նիդեռլանդներ), Ջորջ Կրիմպերիսը (տրոմբոն/Հունաստան), Խուան Պարդո Խիլը (տրոմբոն/Իսպանիա) հանդես կգան նվագախմբի հետ: Երեկոյի ընթացքում կհնչեն Գրիգի, Հենդելի, Տելեմանի, Արենսկու և այլ կոմպոզիտորների գործեր: Նշենք, որ երեկոյի դիրիժոր Սանտիագո Դիաս Ագիռեն ծնվել է 1991-ին Գետաֆեում (Իսպանիա): Որպես տրոմբոնահար ավարտել է Գետաֆեի և Արագոնի կոնսերվատորիաները: Որպես դիրիժոր սովորել է Արագոնի կոնսերվատորիայում և մասնակցել Խոսե Ռաֆայել Պասկուալ Վիլապլանայի վարպետության դասերին: Ներկայումս Սանտյագոն Nineties Trombone Ensemble-ի դիրիժորի ասիստենտ է և Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար բաս տրոմբոնահարը (2018-ից): Որպես դիրիժոր ղեկավարել է Հայաստանի, Շվեյցարիայի, Իսպանիայի, Գվատեմալայի, Ուրուգվայի նվագախմբերը: 2010-2018-ը եղել է Agrupación Musical Delicias-ի (Իսպանիա) գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: Որպես տրոմբոնահար համագործակցել է Մադրիդի, Գալիցիայի, Բիլբաոյի, Գրան Կանարիայի, Բարսելոնայի, Վերբիեյի և այլ քաղաքների առաջատար նվագախմբերի հետ: Սանտյագո Դիազ Ագիռեն որպես տրոմբոնահար համագործակցել է Սըր Սայմըն Ռեթըլի, Վալերի Գերգիևի, Դանիել Հարդինգի, Չարլզ Դյութուայի, Ջանանդրեա Նոզեդայի, Էսա-Պեկկա Սալոնենի, Անտոնիո Պապպանոյի, Միխայիլ Պլետնյովի, Անդրեյ Բորեյկոյի, Ֆաբիո Լուիսիի, Վասիլի Պետրենկոյի և այլ հայտնի դիրիժորների հետ: ArmBoneFestival-ը և փառատոնի շրջանակում անցկացվող վարպետության դասերը կազմակերպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ YerazArt ծրագրի աջակցությամբ:

Նմանատիպ նյութեր