211652_close_icon
views-count4648 դիտում article-date 09:44 14-02-2020

Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցը հիշեցին ԱՄՆ-ի Կոնգրեսում․ «Ամերիկայի ձայն»

30 տարի առաջ մի փոքր հայ աղջնակ սարսափած թաքնվում էր իր տատիկի բնակարանում, երբ Բաքվի փողոցներով շրջում էին հրոսակախմբերը: Այդ աղջնակի հայրը, դանակը ձեռքին, կանգնել էր դռան առջև՝ պատրաստվելով պաշտպանել իր ընտանիքը: Այսօր Աննան այլևս սարսափած չէ, նա չի թաքնվում այլ՝ բարձրաձայնում է հայերի հետ տեղի ունեցածի մասին: Այսպես կոնգրեսական Ռաջա Քրիշնամուրթին ներկայացրեց Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած, Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցի հիշատակի երեկոյի խոսնակ, քաղաքական և հասարակական գործիչ Աննա Աստվածատուրյան Թրքոթին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5287561.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ ԱՄՆ որպես փախստական տասնամյակներ առաջ ժամանած Աննան իր զեկույցում անդրադարձավ Բաքվում հայերի ջարդերին սեփական փորձի և պատմական իրադարձությունների համատեքստում: Նրա խոսքով, չնայած որ այն օրերից երեք տասնամյակ է անցել, այդ իրադարձությունները մղձավանջի տեսքով դեռ շարունակում են իրեն հետապնդել. «1990-ի հունվարին իմ մանկությունը կանգ առավ: Ես այն ժամանակ ընդամենը 11 տարեկան էի»: Երեկոյի ընթացքում ելույթ ունեցող ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ ընդգծեցին՝ 30 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունն էլ ավելի սարսափելի է, մինչ պատասխանատվության չեն ենթարկվել այն սանձարձակած անձինք: «Մենք բոլորս գիտենք, որ Բաքվի հայերը սպանվել, խոշտանգումների և թալանի են ենթարկվել, տասնյակ հազարավոր հայեր ստիպված լքել են իրենց տները, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը մինչ օրս պատասխանատվության չի հրավիրվել», - իր ելույթում նշել է կոնգրեսական Թի Ջեյ Քոքսը: Այսօրվա Ադրբեջանը 30 տարի առաջ տեղի ունեցածի համար մեղադրում է Խորհրդային Միության ղեկավարությանը: Բաքվում հիշեցնում են, որ Խորհրդային Հայաստանի տարածքում բնակվող ադրբեջանցիները նույնպես ստիպված էին լքել իրենց տները: Անկախ ամեն ինչից, սակայն, պատմության դատն ամեն ինչ բացահայտելու է, նշում է կոնգրեսական Գուս Բիլիրակիսը, ով Ադամ Շիֆի հետ միասին Ներկայացուցիչների պալատում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի համահեղինակն էր. «Ոչ մի մարդ չպետք է ենթարկվի նման բռնությունների, ինչպիսին արժանացան հայերն այն ժամանակ»: Անդրադառնալով Բաքվի հայերի ջարդերին, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանն առաջարկեց դրանք դիտարկել ավելի լայն համատեքստում, որպես Ադրբեջանի պատասխանը Լեռնային Ղարաբաղում հայերի խաղաղ բողոքների: Հենց այն Ղարաբաղում, որն ի դեմս Ստալինի Խորհրդային իշխանությունը նվիրել էր Ադրբեջանին: Այսօր Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է վերահաստատել իր նվիրվածությունը խաղաղության և ժողովրդավարության արժեքներին, իսկ այս պարագայում դա նշանակում է կանգնել Հայաստանի կողքին, համոզված է կոնգրեսական Ջուդի Չուն: Իսկ հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիրն ավելացնում է՝ պայքարը երբեք չի դադարելու. «Մեր գործն արդար է, իսկ արդարությունն ի վերջո կհաղթի»:

Նմանատիպ նյութեր