211652_close_icon
views-count2339 դիտում article-date 21:58 19-02-2020

«Մենք չպետք է խնայենք ջանքերը վնասատուների ազդեցությունը բույսերի՝ հետևաբար նաև մեր տնտեսության վրա նվազագույնի հասցնելու համար». ՍԱՏՄ ղեկավար

ՄԱԿ-ի կողմից 2020-ը հայտարարվել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի, որի շրջանակներում Հայաստանում մեկնարկել է բուսասանիտարիային նվիրված առաջին միջոցառումը: ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված սեմինարը միտված է նպաստելու բույսերի վնասատուների ազգային վերահսկողության և բուսասանիտարական հավաստագրման համակարգերի հզորացմանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, նրա խորհրդական Էլվիրա Միրզոյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) Հայաստանյան գրասենյակից: Ողջունելով մասնակիցներին՝ Գեորգի Ավետիսյանը խոսել է երկրում բույսերի պաշտպանության անհանգստացնող վիճակի, գյուղատնտեսի մասնագիտության կարևորման, նաև բնապահպանության տիրույթում խնդիրը դիտարկելու անհրաժեշտության մասին: «Մենք չպետք է խնայենք ջանքերը վնասատուների ազդեցությունը բույսերի՝ հետևաբար նաև մեր տնտեսության վրա նվազագույնի հասցնելու համար, հատկապես հաշվի առնելով, որ երկրի տնտեսության գրեթե 80 տոկոսը կազմում է գյուղատնտեսությունը: Մենք պետք է մեզ վրա վերցնենք առաքելություն հասնելու նրան, որ գյուղացին հարգի ժամանակակից մոտեցումներն ու պրոֆեսիոնալի կարծիքը, ոչ թե առաջնորդվի նախնիների «100 տարվա փորձով»: Այս ոլորտում զարգացող աշխարհի հետ համահունչ քայլելու անհրաժեշտությունն օրախնդիր է»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը: Սեմինարի ընթացքում ՊԳԿ միջազգային փորձագետներ Ռոբերտ Ֆավրինը, Դավիդ ՄըքԿելլերը, տեխնիկական գծով պատասխանատու Պյոտր Վլոդարձայկը ներկայացրել են բույսերի վնասատուների վերահսկողության և բուսասանիտարական հավաստագրման միջազգային լավագույն փորձը՝ ընթացակարգերը, մեթոդները, ինչպես նաև քայլերի այն հաջորդականությունը, որը թույլ է տվել գրանցելու բույսերի արտահանման ու ներմուծման կարանտին վերահսկողության առավելագույն դրական արդյունք: Բույսերի առողջության պահպանման միջազգային տարվանն ընդառաջ՝ 2019 թվականին Հայաստանում արվել է կարևորագույն քայլ. առաջին անգամ դասակարգվել են սանիտարական և բուսասանիտարական միջոցները: Այս կապակցությամբ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին երախտագիտության ու գնահատանքի նամակ է ուղարկվել ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հարցերով հանձնաժողովի անունից՝ առևտրի, ներդրումների և աշխատանքի ու համակցված համակարգերի նորարարական ծրագրերի ոլորտներում հետագա համագործակցության ակնկալիքով: [b] Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր