211652_close_icon
views-count3340 դիտում article-date 09:27 29-02-2020

ԱՄՆ-Հայաստան՝ մեկ դար միասին. հայկական փառատոն Վաշինգտոնում․ «Ամերիկայի ձայն»

Մեկ դար միասին. 2020-ին լրանում է հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարյուր տարին: Հենց այս խորագրով է Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում անցնելու հայկական մշակութային փառատոնը: Փառատոնը մեկնարկելու է փետրվարի 29-ին, շաբաթ օրը Սմիթսոնյան թանգարանի Ֆրիիր ցուցասրահում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5308762.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանի խոսքով, 2020-ը հայ-ամերիկյան հարաբերությունների համար խորհրդանշական տարի է. «Դեռևս 1920 թվականի ապրիլի 23-ին էր, որ պետքարտուղար Բեմբրիջ Քոլբին Վաշինգտոնում Հայաստանի Առաջին Հանրապետության ներկայացուցչին, Գարեգին Փաստրմաճյանին է փոխանցում ամերիկյան կողմի փաստաթուղթը, որով ճանաչում էր Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Միացյալ Նահանգների մայրաքաղաքում «Հայոց Ոդիսականը՝ Նռան Գույնը» հայկական փառատոնին ներկայացված են լինելու առասպել դարձած անուններ. Արամ Խաչատուրյան, Սերգեյ Փառաջանով, Ռուբեն Մամուլյան, Ջիվան Գասպարյան. Վաշինգտոնի ազգային տաճարում մարտի 4-ին տեղի կունենա խոշոր համերգ: Հայաստանից Վաշինգտոնում ներկա կլինեն մշակութային, հասարակական և քաղաքական գործիչներ: «Ֆիլմերի փառատոնին կմասնակցի ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, իսկ գլխավոր միջոցառմանը, Վաշինգտոնի ազգային տաճարում կայանալիք մեծ համերգին կմասնակցի ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ինչպես նաև ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը», - դեսպան Ներսեսյանի խոսքով, Հայաստանում մեծապես կարևորում և բարձր են գնահատում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, որոնք նախորդ տարի բարձրացել են ռազմավարական երկխոսության մակարդակի. «Անկախությունից ի վեր Միացյալ Նահանգները եղել է կարևորագույն գործընկեր Հայաստանում ժողովրդավարական գործընթացների խորացման ուղղությամբ»: Փառատոնն ավարտվելու է մարտի 14-ին Վաշինգտոնի Ազգային պատկերասրահում՝ անվանի ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանին նվիրված ֆիլմերի ցուցադրությամբ:

Նմանատիպ նյութեր