211652_close_icon
views-count2508 դիտում article-date 22:48 10-03-2020

Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սերբիայի վարչապետի հետ

Մարտի 9-11-ը Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին հանդիպել է Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչի հետ։ Ողջունելով Հայաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը` Սերբիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել գործընկերներին բարեկամության եւ Հայաստանի կողմից աջակցության համար։ Անա Բրնաբիչը մեծ հետաքրքրություն է հայտնել` զարգացնել երկու երկրների միջեւ հարաբերությունները տնտեսական, կրթական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում կարեւոր էր վիզաների ռեժիմի երկկողմ չեղարկումը եւ մոտ օրերս Հայաստանում Սերբիայի դեսպանության արդեն պաշտոնական բացումը։ Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերություններն իրապես բարեկամական են եւ կա դեռեւս չիրացված մեծ ներուժ, ինչի ուղղությամբ համատեղ ջանքեր է պետք գործադրել։ Խորհրդարանի ղեկավարը կարծիք է հայտնել, որ ի հավելումն վիզաների ռեժիմի չեղարկման` անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել` երկու երկրների միջեւ ուղիղ օդային կապ հաստատելու համար, ինչը թույլ կտա ակտիվացնել երկու ժողովուրդների միջեւ շփումը։ Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը` ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ այն առաջին հերթին այնտեղ բնակվող հայերի ֆիզիկական անվտանգության ապահովման մասին է։ Կողմերը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ են կատարել նաեւ ռազմական արդյունաբերության ոլորտում հնարավոր համագործակցությանը։ Ավելի ուշ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Իրինեյի հետ։

Նմանատիպ նյութեր