211652_close_icon
views-count13049 դիտում article-date 10:35 18-03-2020

Աշխարհը շուռ չի գա, Քոչարյանը բանտից չի փախչի, ՀՀԿ-ն ռևանշի չի հասնի, գետերը վարից վեր չեն հոսի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնրոդողը գրում է․ «Երկուշաբթի օրը ռադիոյով լսեցի սահմանադրական հանրաքվեի քարոզչական գովազդը՝ տվյալ դեպքում կարևոր չէ՝ գովազդվում էր «այո»-ն թե «ոչը»: Անկեղծ ասած՝ այդ գովազդն ականջիս լավ չնստեց, անպատեհ թվաց: Ճիշտ նույն ձևով ես կարծում եմ իրավիճակին համահունչ չեն քաղաքում դեռևս մնացած «Այո»-ի և «Ոչ»-ի պաստառները: Լավ կլինի, անկախ նրանից, թե պաշտոնապես ինչ որոշում է ընդունվել դրանց վերաբերյալ, քարոզչական կողմերն այդ պաստառները հանեն՝ որպես բարի կամքի դրսևորում: Մարդիկ հիմա ապրում են բացարձակապես այլ հոգսերով: ԿԸՀ-ն արդեն փաստացի հայտարարել է, որ ապրիլի 5-ին հանրաքվեն չի կայանալու: Արտակարգ դրության պայմաններում դա անօրինական կլինի: Եթե ես լինեի որոշում ընդունողը՝ ապա մոտակա ամիսներին մեծ թափ կհաղորդեի սահմանադրական փոփոխությունների ամբողջ փաթեթի աշխատանքներին և առանձին՝ «Հրայրի հարցով» հանրաքվե այլևս չէի նշանակի, որպեսզի հետո անցկացվի մեկ հանրաքվե՝ նոր Սահմանադրության վերաբերյալ: Դա կապացուցեր, որ իշխանություններին իսկապես հետաքրքրում է դատական համակարգի փոփոխությունը և ոչ թե Թովմասյանին պատժելն այն բանի համար, որ ՍԴ-ն Քոչարյանի հարցով կայացրել է ոչ իշխանահաճո որոշում: Իսկ դատական ողջ համակարգի բարեփոխման ուղղություններից մեկի մասին արդեն բազմիցս ասվել է՝ ստեղծել Գերագույն դատարան, որը կհամատեղի Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների գործառույթները: Վճռաբեկ դատարանը ըստ էության՝ պետք է հետևեր միայն օրենքների միատեսակ կիրառմանը, բայց իրականում վերածվել է գործերը քննող ևս մի ատյանի: Այսօրվա Սահմանադրական դատարանի գործառույթները նկարագրված են այնպես, որ կարգավորումներն, այո, քաղաքական խաղերի հնարավորություն են ստեղծում: Հետևաբար տրամաբանական է փոխել կարգավորումները, ոչ թե՝ մարդկանց: Ավելի ճիշտ՝ կարգավորումների փոփոխությունը անխուսափելիորեն կբերի դատարանների կազմի, դատավորների պաշտոնավարման ժամկետների և դատարանների անդամներին ներկայացվող պահանջների փոփոխությանը: Սահմանադրական ամբողջական փոփոխությունների հանրաքվեն կարող է տեղի ունենալ, ասենք, մեկ տարուց: Մինչ այդ աշխարհը շուռ չի գա, Քոչարյանը բանտից չի փախչի, ՀՀԿ-ն ռևանշի չի հասնի, գետերը վարից վեր չեն հոսի: Բայց մոտակա շաբաթներին անշուշտ պետք է կենտրոնանալ կորոնավիրուսի դեմ պայքարի վրա: Դա լավ ստուգատես է թե՛ պետության ամրության, թե՛ իշխանությունների կազմակերպչական ունակությունների և թե՛ հասարակության հասունության համար: Երբ համաճարակը նահանջի՝ հնարավոր կլինի ամփոփել արդյունքներն այդ երեք ուղղություններով: ․․․Պատկերացնում եմ, թե ինչ կլիներ, եթե արտակարգ դրություն չհայտարարվեր և քարոզչությունը շարունակվեր: «Հեղափոխության ֆեյսբուքյան պահապանները» կպնդեին հետևյալը՝ քանի Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է, մենք չենք կարողանա հաղթահարել կորոնավիրուսը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր