2698 դիտում
20:46 18-03-2020
14 մլն դրամի վնաս՝ պետպատվերի շրջանակում ատամնաբուժական ծառայությունների մատուցման գործընթացում կատարված առերևույթ չարաշահումներով
ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է Արտաշատ քաղաքում գործող ատամնաբուժական ծառայություններ մատուցող փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման համար հատկացված պետական միջոցների օգտագործման օրինականությունն ու հիմնավորվածությունը:
Պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության և տվյալ ՓԲԸ-ի միջև 2016, 2017 և 2018 թվականներին կնքվել են բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագրեր:
Պայմանագրով ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ ներկայացված հաշվետվությունների արժանահավատությունը պարզելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից նախորդ տարի կատարված ստուգումների, ապա նաև ՀՀ գլխավոր դատախազության կողմից դրանց առնչվող փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ 2016 թվականին՝ թվով 88, 2017 թվականին՝ թվով 168, և 2018 թվականին՝ թվով 219 ամբուլատոր քարտում բացակայել են մատուցված ծառայությունները հիմնավորող գրառումները՝ կապված պացիենտների առողջության, զննման և ստոմատոլոգիական կարգավիճակի, ինչպես նաև բուժման գործընթացի հետ:
Ընկերության ղեկավարությունը այլ եղանակներով, մասնավորապես, օգտագործված դեղորայքի և անհրաժեշտ նյութերի ծախսի միջոցով, ևս չի հիմնավորել վերոնշյալ 475 դեպքով պացիետներին պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն մատուցած լինելու հանգամանքը:
Մինչդեռ Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն է ներկայացրել այդ 475 դեպքի համար փոխհատուցում ստանալու վերաբերյալ բովանդակային առումով կեղծ հաշվետվություններ, ինչի արդյունքում չհիմնավորված ծավալով ծառայությունների մատուցման դիմաց ընկերությանը պետական բյուջեից շուրջ 14 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսական միջոցներ են հատկացվել:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել ընկերության համապատասխան պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնական փաստաթուղթ կեղծելու, ակնհայտ կեղծ փաստաթուղթն օգտագործելու միջոցով իր կարգադրիչ լիազորություններն ընկերության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետությանը շուրջ 14մլն ՀՀ դրամի չափով վնաս պատճառելու հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
757 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
598 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
706 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված