211652_close_icon
views-count11527 դիտում article-date 15:23 19-03-2020

«Հայաէրոնավիգացիա»-ի ինքնամեկուսացված ջերմող աշխատակիցների թեստի պատասխանը բացասական է եղել

«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի ինքնամեկուսացված անձնակազմի ջերմող անձինք կորոնավիրուսի ախտորոշման թեստ են անցել, պատասխանները բացասական են եղել: «[url=https://https://armenpress.am/arm/news/1009240.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Նրանց` ընկերության վարչական շենքում ինքնամեկուսացման որոշումը մենք ենք կայացրել` հաշվի առնելով նրանց աշխատանքի բնույթը: Նրանց հնարավոր չէր մեկուսացնել այլ վայրում: Մեկուսացրել ենք, քանի որ նրանց աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերվել էր վիրուս` հաստատված դեպքով: Դրանից հետո նրանցից ոմանք ջերմել են, հետազոտվել են, և բոլորի մոտ վիրուսը բացասական է եղել: Այսինքն՝ այս պահի դրությամբ որևէ հիմնավոր կասկած, որ նրանք վարակվել են, չկա»,-ասաց Թորոսյանը: Նա նշեց` նույնիսկ, եթե լինի, իրենք ուրիշ տակտիկա են որդեգրելու` կախված հիվանդության արտահայտման աստիճանից: Եթե լինի հիվանդության թեթև ձև, հնարավոր է, որ ամեն ինչը տեղում կազմակերպվի` հաշվի առնելով նրանց աշխատանքի բնույթը: Եթե ծանր դեպք լինի, կյանքին վտանգ սպառնա, բնականաբար, կհոսպիտալացնեն, որպեսզի հնարավոր լինի պատշաճ բուժօգնություն ցուցաբերել: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 122 է, որից մեկն արձանագրվել է ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքրոջ մոտ: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

Նմանատիպ նյութեր