88084 դիտում
12:48 29-03-2020
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Nissan-ը «Բեկոն» արտադրամասի մոտ գլխիվայր շրջվել է. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններւոմ Nissan մակնիշի 87 SC 007 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արզնի-Աբովյան ավտոճանապարհին՝ «Բեկոն» արտադրամասի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Աբովյան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Բալահովիտ գյուղի բնակիչ, 47-ամյա Վաչագան Գրիգորյանն ու Աբովյան քաղաքի բնակիչ, 31-ամյա Ալիկ Պողոսյանը:
«Աբովյան» բժշկական կենտրոնից Վ. Գրիգորյանը տեղափոխվել է՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր առավոտյան՝ ժամը 08:00-ի սահմաններում, Վ. Գրիգորյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել է և, ըստ տեղեկությունների՝ հետաքննիչ Մ. Բադոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+