211652_close_icon
views-count1339 դիտում article-date 19:47 19-04-2020

ԵՊՀ ուսխորհուրդ. Շատ կարևոր է, որ աջակցությունը թիրախավորի այս ուսանողներին, ովքեր իրոք ունեն դրա կարիքը

ԵՊՀ ուսխորհուրդը հայտարարություն է տարածել, որում խոսվում է հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակներում ուսանողների համար նախատեսված պետական աջակցության մասին: «Այսօր ՀՀ վարչապետը հայտարարեց, որ պետությունը հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակներում ուսանողներին աջակցություն կցուցաբերի: Աջակցության մեխանիզմը լինելու է հետևյալը՝ • Ավարտական կուրսի ուսանողները, ովքեր ունեն 90+ՄՈԳ, կստանան ուսման վարձի 100% փոխհատուցում, • Ոչ ավարտական կուրսի ուսանողները, ովքեր ունեն 90+ ՄՈԳ, կստանան ուսման վարձի 75% փոխհատուցում, • 80+ՄՈԳ ունեցողների համար ուսանողական վարկերի տոկոսները կզրոյացվեն, իսկ 80-ից ցածր ՄՈԳ ունեցողների համար ուսանողական վարկերը հասանելի կլինեն 4%-ով: Ես ուրախ եմ, որ կառավարությունը արձագանքել է մեր նախաձեռնությանը: Հիշեցնեմ, որ ապրիլի 2-ին ես ուսանողների անունից բաց նամակով դիմել էի ՀՀ կառավարությանը՝ խնդրելով աջակցել ուսանողներին ուսման վարձի վճարման հարցում, իսկ ապրիլի 13-ին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ԵՊՀ ՈւԽ խնդրանքով ԱԺ ամբիոնից բարձրաձայնեց մեր առաջարկը: Ուրախ եմ և շնորհակալ, որ կառավարությունը հաղորդակից է ուսանողների խնդիրներին: Սակայն աջակցության էության և մեխանիզմների վերաբերյալ ունեմ մի շարք հարցեր, որոնք պարտավոր եմ հնչեցնել. 1. Եթե ուսանողների խնդիրը էությամբ սոցիալական է, ինչու՞ ենք աջակցությունը թիրախավորում ըստ կրթական առաջադիմության: Կան լավ սովորող ուսանողներ, որոնց ընտանիքները չեն զրկվել իրենց եկամուտներից: Կան նաև ուսանողներ, որոնք ունեն միջին առաջադիմություն, բայց նրանց ընտանիքները զրկվել են նախատեսվող եկամուտներից: Իհարկե, լավ սովորելը խրախուսել հիանալի բան է, բայց մի՞թե այս մոտեցմամբ չենք հեռանում խնդրի էությունից: Մի՞թե չենք ստեղծում արհեստական թիրախավորում՝ թողնելով իրական խնդիրը չլուծված: 2. Ինչպե՞ս է 100 բալանոց գնահատման համակարգը համապատասխանեցվում 20 բալանոցին: Պարզ հաշվարկով 90 ՄՈԳ-ը համապատասխանում է 18 ՄՈԳ-ին, իսկ 80-ը՝ 16-ին: Սակայն պաշտոնական փաստաթղթերում առկա համապատասխանեցման սանդղակներում 90 ՄՈԳԸ հավասարազոր է 19 ՄՈԳ-ին, իսկ 80 ՄՈԳ-ը՝ 18-ին: Եթե առաջնորդվում են պաշտոնական փաստաթղթերով, ապա աջակցություն ստացողները թիվը էականորեն կրճատվում: Պետք է նաև հաշվի առնել, որ այդքան բարձր ՄՈԳ ունեցողները արդեն իսկ կա՛մ անվճար են սովորում, կա՛մ օգտվում են ուսման վարձի փոխհատուցման այլ մեխանիզմներից: 3. Որքանո՞վ է տրամաբանական նույն մեխանիզմով չափել ինչպես բնագիտական, այնպես էլ հումանիտար ֆակուլտետների ուսանողների առաջադիմություն: Գաղտնիք չէ, որ բնագիտական ֆակուլտետներում ՄՈԳ-ի շեմը էականորեն ցածր է հումանիտարներից, սակայն դա ուղղակիորեն չի արտացոլում ուսանողների առաջադիմությունը: Ես նույնիսկ կասկածում եմ, որ բնագիտական ֆակուլտետներում հնարավոր է գտնել 19+ ՄՈԳ ունեցողների: Եթե գտնենք էլ, նրանք վստահաբար արդեն սովորում են անվճար: Տրամաբանական չէ՞ արդարության սկզբունքը ապահովելու համար բնագիտական ֆակուլտետների պարագայում սահմանել հնարավորինս ցածր շեմ: 4. Ինչու՞ է աջակցությունը գործում միայն առկա համակարգում սովորողների նկատմամբ: Հեռակա համակարգում սովորող ուսանողները հեռակա են հիմնականում այն պատճառով, որ ստիպված են զուգահեռաբար աշխատել՝ իրենց ուսման վարձը վճարելու համար: Կարծում եմ, որ նրանք ավելի շատ ունեն սոցիալական աջակցության կարիք: Ենթադրում եմ, որ կառավարությունը մի քանի օրից կընդունի այս որոշումը: Շատ կարևոր է, որ աջակցությունը թիրախավորի այս ուսանողներին, ովքեր իրոք ունեն դրա կարիքը»:

Նմանատիպ նյութեր