50195 դիտում
13:12 24-05-2020
Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. 26–ամյա վարորդը Volkswagen Vento–ով վրաերթի է ենթարկել 75–ամյա հետիոտնին. վերջինս ժամեր անց հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Արտաշես Ա.-ն իր վարած Volkswagen Vento մակնիշի 35 MA 196 համարանիշի ավտոմեքենայով Ալափար-Արզական ավտոճամապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Չարենցավան քաղաքի բնակիչ, 75-ամյա Մերուժան Խ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը:
Ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Չարենցավանի բաժին, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Ա. Մինասյանի կողմից հարուցվել է քրեական գործ և նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+