211652_close_icon
views-count3774 դիտում article-date 16:20 04-06-2020

Արսեն Թորոսյանը հույս ունի, որ բժիշկների թիկունքում իրեն կներեն. բայց նրան չեն ներելու հենց բժիշկները. Գեւորգ Գորգիսյան

Բոլոր ժամանակներում եւ բոլոր հասարակություններում հանրության, պետության ու պետականության համար պատուհաս են դարձել ամբիցիոզ միջակությունները։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ «Լուսավոր Հայաստանի» մասին արված հայտարարությանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այդպիսիք վստահ են, որ իրենք միշտ ճիշտ են, ամեն ինչ գիտեն, ամբարտավան են ու գոռոզ։ Ուստի, ոչինչ չեն սովորում եւ ջղաձգորեն են վերաբերվում ցանկացած այլակարծության։ Սխալներ՝ ոչ թե ուղղելու, այլ կոծկելու համար, գործում են նոր սխալներ եւ խորացնում ճգնաժամը, որովհետեւ ունակ չեն ընդունելու, որ սխալ են գործել։ Ու նրանց համար միշտ բոլորը մեղավոր են, բացի իրենցից։ Այսօր այդպիսիք շատ կան, բայց տիպիկ օրինակ է Արսեն Թորոսյան առանձնյակը։ Սույն պարոնն իր պաշտոնավարման ողջ ընթացքում չկարողացավ տարբերել առողջապահությունը հիվանդաբուժությունից։ Չկարողացավ աշխատել բժիշկ-գիտնականների հետ՝ հույսը դնելով միջազգային կառույցների վրա։ Չկարողացավ լսել տարբերվող կարծիք ու խորհել այդ կարծիքի շուրջ։ Արդյունքում, ուշացած ու չհիմնավորված որոշումները բերեցին հակառեկորդների գրանցման ու բազմաթիվ մահերի։ Իսկ հիմա նա թաքնվում է հերոսաբար աշխատող բժիշկների թիկունքում, ովքեր շարունակում են մնալ չգնահատված ու թերվարձատրվող։ Նա հույս ունի, որ բժիշկների թիկունքում իրեն կներեն։ Բայց նրան չեն ներելու առաջին հերթին հենց բժիշկները։ Համավարակի առաջին իսկ օրվանից հանդես եկանք հակաճգնաժամային առաջարկներով, փորձեցինք բարձրաձայնել խնդիրները, որոնք կարող էին վրիպել իշխանության տեսադաշտից ու առաջարկեցինք նաեւ լուծումները։ Կառավարությունն ամենն անտեսեց ու արեց այն, ինչ արեց, բայց այսօր արդյունքների համար կրկին մեզ են մեղադրում կամ քաղաքացիներին։ Հաշվի առնելով նաեւ սույն առանձնյակի ցինիզմը՝ հատկապես վտանգավոր է նրան վստահել մարդկանց կյանքի հետ կապված որոշումներ կայացնելը։ Հայաստանի Հանրապետությունը դուրս կգա այս ճգնաժամից, ու բոլորս այդ ժամանակ պիտի հետեւություններ անենք»:

Նմանատիպ նյութեր