211652_close_icon
views-count3363 դիտում article-date 15:36 08-06-2020

Դատավոր Դավիթ Բալայանի կողմից որոշում է կայացվել դադարեցնել դատավոր Դավիթ Գրիգորյանի և քարտուղար Գոռ Վարդանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը․ Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ։ Նա մասնավորապես նշել է, որ դատավոր Դավիթ Բալայանի կողմից քրեական գործը դատական քննության նախապարտաստելու փուլում որոշում է կայացվել դադարեցնել դատավոր նրանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։ Գրառումը՝ ստորև․ «Արդարադատությունը Հայաստանում չի սպանվելու, ավելին` ապաքինվելու է ու բաղկացած է լինելու գրագետ, խիզախ ու անկախ դատավորներից։ Այսօր այդ ճանապարհին կատարվեց կարևորագույն քայլ` դատավոր Դավիթ Բալայանի կողմից քրեական գործը դատական քննության նախապարտաստելու փուլում որոշում է կայացվել դադարեցնել դատավոր Դավիթ Գրիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։ Որպես իրավաբան, ես օրինական որևէ այլ ելք այս գործի պարագայում չէի տեսնում։ Բայց Հայաստանում նման որոշում կայացնելու համար դատավորից պահանջվում է ոչ միայն գիտելիքների հարուստ պաշար, ոչ միայն երկարամյա փորձ, այլ նաև դատավորի ամենակարևոր հատկանիշները` անկախությունն ու խիզախությունը։ Կայացված որոշմամբ դատարանը հաստատված է համարել այն, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցված է եղել քրեական գործի հարուցման հետ զուգահեռ, առանց դատավորի անձեռնմխելիության հաղթահարման, ինչն ապօրինի է դարձրել քրեական գործի ընթացքն առհասարակ։ Դատարանը գտել է նաև, որ եթե անգամ դատավորի անձեռնմխելիությունը լիներ հաղթահարված, ապա դատավորին ու նիստերի քարտուղարին առաջադրված մեղադրանքն անորոշ է, իսկ վերագրվող արարքները չեն պարունակում քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները։ Բացի այդ, դատարանը գտել է, որ եթե անգամ այդ հանցակազմի տարրերը ձևականորեն առկա լինեին մեղսագրվող արարքներում, ապա միևնույն է տեղի ունեցածը հանցագործություն չէր կարող համարվել, քանի որ այդ արարքները չեն ներկայացնում հասարակական վտանգավորություն, դրանցով էական վնաս որևէ անձի չի պատճառվել ու չէր էլ կարող պատճառվել։ Շնորհավորում եմ բոլորիս»։

Նմանատիպ նյութեր