47229 դիտում
16:31 12-06-2020
Խոշոր ավտովթար Երևանում. Պաշտպանության նախարարության մոտ ամիսներ շարունակ առաջացած մարդաբոյ փոսը դարձել է ավտովթարի պատճառ. BMW-ն վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում Բագրևանդի փողոցում՝ ՀՀ պաշտպանության նախարարության հարևանությամբ, BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել փայտե էլեկտրասյանը, այնուհետև բնակելի տան բազալտե հենապատի անկյունային հատվածին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 10-3 շտապօգնության բժիշկների խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչ Սամվել Խաչատրյանն ու տեսուչ Ռոբերտ Վարդանյանը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա. Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրատվում, ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճասռը եղել է ՊՆ հարևանությամբ՝ ճանապարհին եղած մոտ մի քանի ամիս չվերանորոգված մարդաբոյ փոսերը, և մեկ այլ ավտոմեքենա՝ Opel մակնիշի, փորձել է փոսերից խույս տալ և վթարային իրավիճակ է ստեղծել BMW-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Դեպքի վայրից չէր փախել վթարային իրավիճակ ստեղծած Opel-ի վարորդը, ով այս պահին էլ Երևանի ճանապարհային ոստիկաններին պատմում է՝ ինչպես է եղել վթարը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+