211652_close_icon
views-count2043 դիտում article-date 13:05 20-06-2020

Նոր էջ հայ-ֆրանսիական հարաբերություններում. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսիացի բուժաշխատողների խմբին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսիացի բուժաշխատողների խմբին, որոնք Հայաստան են ժամանել օգնելու իրենց հայ գործընկերներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Ողջունելով հյուրերին և ի դեմս նրանց իր շնորհակալության խոսքը փոխանցելով բարեկամ Ֆրանսիային, նրա նախագահին ու ժողովրդին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Հայաստանի համար դժվար ժամանակներ են: Դուք եկել եք Հայաստան՝ աջակցելու մեր երկրին, աջակցելու, որ կյանքեր փրկվեն: Լինելով այստեղ՝ դուք ոչ միայն օգնում եք հիվանդներին, բժիշկներին, այլ նաև նախարարությանը, որը պետք է դասեր քաղի ձեր փորձառությունից, ձեր հաջողություններից և ձախողումներից»: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, շնորհակալություն հայտնելով Հանրապետության նախագահին հյուրընկալության համար, նշել է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ Հայաստան են ժամանելու նոր բուժաշխատողներ: Նա հատկանշական է համարել, որ Ֆրանսիայից ժամանած բժիշկներից ոչ մեկը հայկական արմատներ չունի և առաջին անգամ է բացահայտելու Հայաստանը: «Ես հույս ունեմ եմ, որ այս առաքելությունը նոր էջ կբացի հայ-ֆրանսիական հարաբերություններում»,-ասել է դեսպանը: Նա նշել է, որ ֆրանսիացի մասնագետները Հայաստանում են՝ կիսելու իրենց փորձը և օգնելու Հայաստանին դուրս գալ ստեղծված իրավիճակից: Նախագահ Սարգսյանը, բարձր գնահատելով ֆրանսիացի բժիշկների շնորհակալ աջակցությունը՝ նրանց առողջություն և ապահով վերադարձ է մաղթել Ֆրանսիա: «Մենք երբեք չենք մոռանալու, թե դուք ինչ եք արել Հայաստանի համար: Խնդրում եմ Հայաստան գալ նաև կորոնավիրուսից հետո,-ասել է նախագահը: -Ես հույս ունեմ, որ դուք այստեղ նաև ընկերներ ձեռք կբերեք: Ձեզ հետ Ֆրանսիա տարեք իմ սերն առ Ֆրանսիայի ժողովուրդ և նախագահ, ով ոչ միայն իմ, այլև մեր երկրի լավ բարեկամն է»: Ֆրանսիացի բժիշկները նշել են, որ քննարկումներ են ունեցել հայ գործընկերների հետ, նրանց ներկայացրել իրենց փորձը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր