211652_close_icon
views-count2879 դիտում article-date 14:42 21-06-2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ «Թանկագի՛ն բուժաշխատողներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ: Այսօր՝ այս հիշարժան օրը, դուք տոնում եք յուրահատուկ պայմաններում: Ամբողջ աշխարհում տարածված նոր կորոնավիրուսային համավարակի պատճառով դուք նորից հայտնվել եք առաջնագծում, ինչպես տասնամյակներ առաջ՝ Արցախյան պատերազմի ծանր ու դժվարին տարիներին: Եվ այսօր դուք նորից ստիպված եք փրկել մարդկային կյանքեր՝ վտանգելով ձեր կյանքը, պայքարել մեր քաղաքացիների առողջության համար՝ վտանգելով ձեր առողջությունը: Ձեր՝ գիշեր ու զօր կատարած անձնուրաց ու արհեստավարժ աշխատանքի, ձեր նվիրումի համար մենք խորապես շնորհակալ ենք: Պետությունը միշտ ձեզ հետ է, ձեր կողքին: Մենք այսուհետ էլ կանենք առավելագույնը՝ հետևողական ջանքեր գործադրելով ոլորտում անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու, ձեր աշխատանքային ու սոցիալական պայմանները շարունակաբար բարելավելու, համատեղ ուժերով առկա մարտահրավերներին հաջողությամբ ու արդյունավետորեն դիմակայելու ուղղությամբ: Կրկին շնորհավորում եմ բոլոր հայ բուժաշխատողներին: Թող հաջողությամբ պսակվի մեր ժողովրդի համար ձեր՝ չափազանց կարևոր ու պատասխանատու աշխատանքի ամեն մի օրը: Մաղթում եմ քաջառողջություն ու ամենայն բարիք»,- ասված է նախագահի ֆեյսբուքյան էջում տեղադրված շնորհավորական ուղերձում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր