64281 դիտում
16:55 26-06-2020
Խոշոր հրդեհ Երևանում. թռչնաֆաբրիկայում առաջացած կրակի դեմ պայքարում են մեծ թվով հրշեջներ ու ֆաբրիկայի աշխատակիցները. ծուխը տեսանելի է մի քանի կիլոմետրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի 43 հասցեում գործող թռչնաբուծական ֆաբրիկայում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ փրկարարներ, 4 մարտական հաշվարկ, ինչպես նաև 2 ջրատար։
Այս պահին հրշեջներն ու թռչնաֆաբրիկայի աշխատակիցները պայքարում են կրակի տարածման դեմ։
Ծուխը տեսանելի է մի քանի կիլոմետրից։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում են Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը, Երևան քաղաքի փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման բաժնի պետ Գարեգին Հակոբյանը:
Հրշեջ-փրկարարների շնորհիվ նախ կանխվեց կրակի տարածումը այլ հատվածներ և այս պահին էլ կրակն ամբողջովին չեզոքացվեց: Ու հիմա հրշեջ-փրկարարները հետախուզական աշխատանքներ են կատարում կրակի այլ օջախներ հայտնաբերելու ուղղությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ մի քանի խմբեր, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել մի քանի հրշեջների, ովքեր ծխահարվել էին, իսկ 1 հրշեջի էլ տեղում բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի հանձրարականով հրշեջներին օգնության են հասել Շենգավիթի թաղապետարանի կանաչապատման ծառայողները՝ հրդեհի վայր ժամանելով ջրատար ավտոմեքենաներով, ովքեր ջուր էին հասցնում հրդեհի վայր:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 234+
234+