2353 դիտում
10:22 29-06-2020
Հաշմանդամություն ունեցող անձինք անվճար դեղերի հարցում համավարակի պայմաններում բախվում են քաշքշուկների. ՄԻՊ
Արտակարգ դրություն հայտարարելու օրվանից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվել են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո:
ՄԻՊ-ից հայտնում են, որ մարտի 16-ից մինչեւ հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) վարակի հետ կապված հարցերով հաշմանդամություն ունեցող անձանցից ստացվել է 153 դիմում-բողոք, որից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 116 թեժի գծին ուղղված ահազանգերի թիվը կազմել է 74:
Դիմում-բողոքներից բացի, Պաշտպանի աշխատակազմն իրականացնում է մշտադիտարկման աշխատանքներ։
Այդ հարցերի առնչությամբ բողոքների քննարկումը, ինչպես նաեւ մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ նոր տեսակի կորոնավիրուսային համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց վիճակը դարձել է առավել զգայուն, իսկ իրավունքների իրականացման հարցերը՝ դժվար եւ խնդրահարույց:
Ստորեւ ներկայացնում ենք հաշմանդամություն ունեցող անձանց համար պետության կողմից անվճար եւ արտոնյալ պայմաններով դեղորայքի տրամադրման հարցում առկա խոչընդոտները, իսկ մյուս խնդիրներին անդարդաձ կկատարվի Մարդու իրավունքների պաշտպանի մյուս հայտարարություններով։
1. Դեղեր ստանալուն վերաբերող հարցերով Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք հայտնվում են ամիսների քաքշուկների մեջ եւ կանգնում դժվարությունների առաջ համակարգային բնույթի խնդիրների պատճառներով: Օրինակ՝ բողոքներից մեկով անկողնային ռեժիմում գտնվող, հաշմանդամություն ունեցող քաղաքացու համար ընտանեկան բժշկի նշանակած դեղն այլ հիվանդանոցում փոխվել է եւ նշանակել է այլ, ըստ հիվանդանոցի՝ առավել արդյունավետ դեղ: Քաղաքացին դիմել է Առողջապահության նախարարություն եւ ստացել հավաստում այն մասին, որ այդ դեղն անվճար ստանալ հնարավոր է: Այս տեղեկությունը ստանալուց հետո մարդը դիմել է մարզպետարան եւ ստացել հավաստում, որ դեղի հարցով նրա հետ պոլիկլինկայից կապ կհաստատվի: Պոլիկլինկայից, սակայն, դեղը ստանալ չի հաջողվել քաղաքացուն ամեն անգամ տրամադրված տարբեր պատճառաբանություններով. մի դեպքում նշվել է, որ բժիշկը գործուղման է՝ պայմանավորված նոր տեսակի կորոնավիրուսային համավարակով, երկրորդ դեպքում նշվել է, որ դեղը հնարավոր չէ ձեռք բերել պետական գնումների գործընթացի պատճառով, իսկ երրորդ դեպքում պատճառ է բերվել այն, որ դեղը նշանակվել է այլ բժշկական հաստատության բժշկի կողմից, մինչդեռ իրենք դեղերն անվճար տրամադրելու համար հիմք են ընդունում միայն իրենց պոլիկլինիկայի բժշկի նշանակումը: Այս քաշքշուկների արդյունքում հաշմանդամություն ունեցող անձն այդպես էլ չի կարողացել ստանալ իրեն բժշկի կողմից նշանակված դեղը:
Հարցը դրական լուծում է ստացել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի միջամտությամբ:
2. Հաշմանադամություն ունեցող անձինք դեղեր ստանալու հարցում դժվարութունների են հանդիպում նաեւ այն պատճառով, որ բժշկական հաստատություններում արվում են ոչ հավաստի կամ սխալ իրազեկումներ Հայաստանում գործող օրենսդրության վերաբերյալ, որ նախատեսված է թե՛ քաղաքացիների, թե՛ հենց բուժանձնակազմերի համար: Արդյունքում, հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարողանում ստանալ իրենց դեղերը, իսկ բուժանձնակազմերը հայտնվում են անհարմար վիճակում: Օրինակ՝ բողոքներից մեկով պարզվել է, որ հաշմանդամություն ունեցող անձն անվճար դեղ ստանալու համար դիմել է բժշկական հաստատություն, սակայն հաստատությունում իրեն տրամադրված սխալ իրազեկման պատճառով զրկվել է այդ դեղը ստանալու հնարավորությունից: Այս հարցը լուծվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի աջակցությամբ:
3. Խոչընդոտները կապված են նաեւ այն բանի հետ, որ բուժսպասարկման օղակներում բուժանձնակազմերը հաշմանդամություն ունեցող անձանց համար ոչ միշտ են հասանելի: Հաճախ բերվող պատճառներից է այն, որ երկրում առկա չէ անհրաժեշտ թվով բուժանձնակազմ՝ այլ բժշկական հաստատություն գործուղման կամ սահմանված հերթափոխերի անբավարարության հետեւանքով:
4. Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ քաղաքացին ու այն էլ հաշմանդամություն ունեցող անձը պարտավոր չէ կրել իր իրավունքների կամ ազատությունների իրականացման դժվարությունների ու քաշքշուկների բեռն այն պատճառով, որ պետությունը պատշաճ չի կազմակերպում այդ իրավունքները կամ ազատությունները երաշխավորող գործընթացները:
Հաշմանդամություն ունեցող անձի եւ առհասարակ՝ մարդու նկատմամբ պետության պոզիտիվ պարտավորությունից է բխում, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց անվճար եւ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղորայքի հատկացումների, ձգձգումների, ոչ լիարժեք իրազեկումների կամ այլ դժվարությունների համար պետության արդարացումները ընդունելի լինել չի կարող:
Պետք է նկատի ունենալ, որ այս խնդիրներն այլ իրավունքներից բացի, առաջնահերթ խաթարում են մարդու առողջության պահպանման իրավունքը, որ երաշխավորված է մեր երկրի Սահմանադրությամբ:
Պետությունը պետք է բոլոր գործընթացները կազմակերպի մարդու համար հնարավոր բարենպաստ լուծումներով, հնարավոր կարճ ժամկետներում, իսկ պետության հսկողությունը դրա նկատմամբ պետք է լինի արդյունավետ: Նշված խնդիրների լուծումների կարեւոր ուղղություններից Մարդու իրավունքների պաշտպանը համարում է բուժանձնակազմերի աշխատավարձերի եւ սոցիալական երաշխիքների շարունակական բարձրացումը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը յուրաքանչյուր անհատական բողոքով արձագանքն իրականացնում է պետական համապատասխան մարմնի կամ բուժհաստատության, ինչպես նաեւ անհրաժեշտ դեպքերում նաեւ ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Այս մոտեցումը հնարավորություն է տալիս արդյունավետ աջակցություն ցուցաբերել անվճար եւ արտոնյալ պայմաններով դեղորայքի հարցերում հաշմանդամություն ունեցող կոնկրետ անձի, ինչպես նաեւ համակարգային առումով պետությանը խնդիրների լուծմանը:
Համակարգային մակարդակում Պաշտպանն իրականացնում է նշված բոլոր հարցերի վերաբերյալ հանրային իրազեկումներ, ներկայացնում օրենսդրական առաջարկներ եւ այլն:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ նկարագրված խնդիրները բնույթով համակարգային են եւ Պաշտպանի կողմից բազմիցս արձանագրվել են նաեւ նախկինում: Նոր տեսակի կորոնավիրուսային համավարկը պարզապես ավելի է խորացրել դրանց մի մասի դրսեւորումները՝ առավել հրատապ դարձնելով լուծումների անհրաժեշտությունը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1614 դիտում
14:49 10-02-2020
Կենսաթոշակառուներն ու հաշմանդամություն ունեցող անձինք անվճար կայցելեն թատրոններ և թանգարաններ
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից