211652_close_icon
views-count3104 դիտում article-date 23:28 29-06-2020

ՀՔԱՎ. 20 տարի է, Հայաստանը նշում է Անհայտ կորածի օրը, բայց չունի օրենք «Անհայտ կորածի մասին»

2000 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ Կառավարությունը որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 10 հոդվածում փոփոխություններ կատարելու մասին: Փոփոխությամբ հիշատակի օրերին ավելացավ ևս մեկը՝ Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրը, որը նշվում է հունիսի 29-ին: 20 տարի է՝ հիշատակի օրն օրենքով ամրագրված է, բայց օրենք «Անհայտ կորածի մասին» ՀՀ-ը դեռևս չի ընդունել: Պաշտոնական տվյալներով՝ 1988-2005 թթ. ՀՀ-ից անհայտ կորած է համարվում 437 մարդ, որից 224 զինծառայող, 213 խաղաղ բնակիչ: ԼՂՀ-ից անհայտ կորած է համարվում 723 անձ, որոնցից 250՝ զինծառայող, 473՝ խաղաղ բնակիչ: Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության տվյալներով՝ Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորածների թիվը գերազանցում է 4500-ը, որից շուրջ 400-ը գրանցված են Հայաստանում: «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի բացակայությունն ու ընդունման անհրաժեշտությունն ավելի կարևորվեց 2016 թ. ապրիլյան քառօրյայից հետո, երբ առաջացել էր բազմաթիվ հարցեր կապված զինծառայողների գտնվելու վայրի կամ ճակատագրի մասին տեղեկություններ չունենալու անորոշ իրավիճակի հետ: Նման իրավիճակների կրկնվելու հավանականությունն այսօր էլ ստիպում է դարձյալ օրակարգ վերադարձնել «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը: 2007 թ. մայիսի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է անհայտ կորածների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների վերաբերյալ 1553 (2007) բանաձևը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի միգրացիայի, փախստականների և ազգաբնակչության հարցերի հանձնաժողովի Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում կորած անձանց հարցերով զեկուցող Լեո Պլատվոյտի՝ 2007 թ․-ի մարտի 7-ի զեկույցի հիման վրա, որը պատրաստվել է Հարավային Կովկաս նրա այցի արդյունքում: Որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն Հայաստանի Հանրապետությունը նաև պարտավորություններ է ստանձնել, որոնց թվում նաև՝ ԵԽԽՎ բանաձևերի ու հանձնարարականների իրագործումը: Հենց այս նպատակով էլ 2010-2011 թթ-ին ստեղծվեց աշխատանքային խումբը, որը մշակել էր «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ արտգործնախարարության նախաձեռնությամբ ստեղծված աշխատանքային խմբի կազմում, ի թիվս ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, Միջազգային կարմիր խաչի կոմիտեի, ներգրավված էին նաև ՀՔԱՎ գրասենյակի ներկայացուցիչները: «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի ընդունումն ու կիրարկումը պետության պատասխանատու վերաբերմունքի դրսևորումն է՝ անհայտ կորածների և նրանց ընտանիքի անդամների համար իրավական պաշտպանության երաշխիքների ապահովման տեսանկյունից: Չնայած գոյություն ունեցող ենթաօրենսդրական իրավական ակտերով սահմանված իրավական կարգավորումներին՝ դրանք արդյունավետ չեն և չեն ապահովում անհայտ կորածների հարազատների՝ տեղեկացված լինելու, նրանց սոցիալ-հոգեբանական, իրավական և այլ աջակցություն ստանալու իրավունքները: Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանը 2020թ. փետրվարի 19-ին կայացած նիստի ավարտին համապատասխան գրությամբ դիմել էր ՀՀ արդարադատության նախարարությանը՝ կրկին քննարկման օրակարգ վերադարձնելու վերոհիշյալ օրենքի նախագիծը և ընթացք տալու: 2020թ. մարտի 5-ին ՀՔԱՎ գրասենյակը գրությամբ դիմել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել, թե ինչ փուլում է գործընթացը: Ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացրել էր, որ համապատասխան գրություններով դիմել են ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին՝ ակնկալելով դիրքորոշումներ՝ 2011թ.-ին մշակված «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի կամ, ընդհանրապես, նման նախագիծ շրջանառության մեջ դնելու նպատակահարմարության վերաբերյալ: Այն ստանալուն պես, կտեղեկացնեն նաև ՀՔԱՎ գրասենյակին: Համապատասխան դիրքորոշումների և օրենքի նախագծի հետագա ընթացքի վերաբերյալ ՀՔԱՎ գրասենյակը դեռևս պատասխաններ չի ստացել: Հետհեղափոխական Հայաստանի նոր իշխանություններից ՀՔԱՎ գրասենյակը պահանջում է օրակարգ վերադարձնել «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի ընդունման հարցը:

Նմանատիպ նյութեր