211652_close_icon
views-count1940 դիտում article-date 16:49 04-07-2020

«Արխիդաչ» ընկերությունը կպատրաստի Վանաձորի Սայաթ Նովայի անվան զբոսայգու 3D մոդելավորմամբ նախագիծը

Հոլանդական «Արխիդաչ» ընկերությունը , ընդառաջ գնալով Լոռու մարզպետարանի առաջարկությանը, պատրաստակամություն է հայտնել գործընկերային հիմունքներով պատրաստել Վանաձորի Սայաթ Նովայի անվան զբոսայգու 3D մոդելավորմամբ նախագիծը: Ընկերության ներկայացուցիչների հետ հետագա քայլերը քննարկելու նպատակով մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը տեսակապի միջոցով քննարկում անցկացրեցին ընկերութան հիմնադիրներ Նատաշա Միրզոյանի, Լաուրենս Լիքեթի, ընկերության գլխավոր ճարտարապետ Արամ Սաղաթելյանի և տնօրեն Կարինե Աբրահամյանի հետ: Ողջունելով նրանց՝ մարզպետը նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ նախորդ տարեվերջին Վանաձոր համայնքի զարգացման ծրագրերի քննարկման շրջանակներում պայմանավորվածություն էր ձեռքբերվել ներդրումներ իրականացնել և վերակառուցել նաև Սայաթ Նովայի անվան զբոսայգին: Այս ընթացքում «Սոլար գրուպ» ընկերության հետ համագործակցության արդյունքում մարտ ամսին իրականացվել է այգու սահմանների ճշգրտման, սահմանանիշերի տեղադրման, մանրազնին չափագրման, գույքագրման և քարտեզի վրա գույքի (շենք շինություններ, մայթեր, ծառեր) տեղադիրքի որոշման/տեղորոշման աշխատանքներ: Այժմ, հարցն առավել առարկայական քննարկելու համար զբոսայգուն 3D մոդելավորմամբ նախագծի պատրաստման անհրաժեշտություն է առաջացել: -Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ձեզ, որ պատրաստակամություն հայտնեցիք աջակցելու մեզ այս կարևոր հարցում,-ասաց մարզի ղեկավարը: Նա նաև ներկայացրեց իր մտահղացումները այգու ապագա տեսքի և բովանդակության հետ կապված՝ կարևորելով այգու նախկին տեսքին ու ոգուն հավատարիմ մնալու սկզբունքի պահպանությունն ու նորարարական լուծումների համադրումը: Քննարկման արդյունքում երկուստեք հավանության արժանացավ առաջարկը՝ նաև ֆեյսբուքյան էջի միջոցով հավաքագրելու վանաձորցիների կարծիքները այս հարցի վերաբերյալ, որոնք կհամադրվեն մարզպետարանի կողմից պատրաստվելիք առաջարկությունների փաթեթի հետ և կներկայացվեն ընկերությանը:

Նմանատիպ նյութեր