2647 դիտում
14:34 19-07-2020
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մամուլի ասուլիսը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում
ՀՀ ԱԳՆ-ն տարածել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում երեկ, հուլիսի 18-ին ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մամուլի ասուլիսի սղագրությունը․
Հանրային հ/ը. Տիկին Նաղդալյան, օրերս Թուրքիա են այցելել Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչները, և թուրքական կողմից հայտարարեցին, որ թուրքական ռազմական արդյունաբերությունը Ադրբեջանի տրամադրության տակ է։ Եվ բացի այդ, տեղեկություն շրջանառվեց, որ թուրքական ռազմական ինքնաթիռ է վայրէջք կատարել Ադրբեջանում և, ըստ երևույթին, ռազմական միջոցներ է տեղափոխել։ Հետաքրքիր է՝ Հայաստանն ինչպե՞ս է արձագանքում Թուրքիայի նման քայլին։
Աննա Նաղդալյան. Գիտեք, պետք է նշեմ, որ ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ինչպես նաև այս վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության առնչությամբ Թուրքիայի դիրքորոշմանը և գործողություններին ԱԳՆ-ն արդեն տվել է համապատասխան արձագանք՝ իր հայտարարությունների միջոցով։ Եվ, ի դեպ, նշեմ, որ վերջին հայտարարությունն արաժանացել էր Թուրքիայի ԱԳՆ նյարդային արձագանքին։
Ընդգծեմ, որ Թուրքիան չի կարող որևէ դեր, առավել ևս, «պատմական առաքելություն» ունենալ ո՛չ հակամարտությունում, ո՛չ էլ տարածաշրջանում։ Թուրքիան տարածաշրջանում արդեն իսկ թողել է ցեղասպանության դրոշմ, և առաջին գործողությունը, որ թուրքական կողմը պետք է իրականացնի, դրա հետևանքների վերացումն է։ Կոչ ենք անում Թուրքիային զբաղվել այդ գործընթացով, այլ ոչ թե խանդավառությամբ ներգրավվել հակահայկական նոր նախաձեռնություններում։
Հանրային հ/ը. Արդյո՞ք հարավային շրջանում իրականացվող ռուսական զորավարժությունների ֆոնին նախատեսված է ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հեռախոսազրույցը իր գործընկերոջ հետ, և արդյո՞ք հայկական կողմը տեղեկացվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի մարտական պատրաստվածությունը «բարձր» աստիճանի բերելուն։
Աննա Նաղդալյան. Ինչ վերաբերում է հեռախոսազրույցին, ես նման տեղեկատվության չեմ տիրապետում։ Նշեմ, որ եթե Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը որևէ շփումներ կամ հեռախոսազրույցներ ունենար ռուսական ռազմական շրջանակների ներկայացուցիչների հետ և, մասնավորապես, ռուս իր գործընկերոջ հետ, դրա կամ դրա նպատակահարմարության մասին հայկական կամ ռուսական կողմը կհայտնեին:
Ինչ վերաբերում է ՌԴ հարավային և արևմտյան ռազմական շրջանների անակնկալ զորավարժությունների շրջանակում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներգրավմանը և մարտական պատրաստականության «բարձր» աստիճանին բերելուն՝ ցավում եմ, սակայն մանրամասն տեղեկատվության չեմ տիրապետում, բայց համապատասխան համաձայնագրերի շրջանակներում հայկական կողմը տեղեկացված է, և կարծում եմ՝ այս փուլում դա բավարար է։
Ազատություն ռ/կ. Երկու հարց, տիկին Նաղդալյան։ Վստահ եմ՝ տեղյակ եք, որ այսօր Մոսկվայում՝ ամենամեծ առևտրային հարթակներից մեկում, արգելվել է ազգությամբ հայերի առևտուրը, «Ֆուդ Սիթին» ի նկատի ունենք։ Շատերի գնահատմամբ ֆաշիստական մի քայլ, և ես ուզում եմ հասկանալ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ի՞նչ է ձեռնարկում, որպեսզի ազգությամբ հայերի իրավունքները մեզ դաշնակից համարվող երկրում չոտնահարվեն։ Երկրորդ՝ տեղյակ եք, որ ՀԱՊԿ-ի քարտուղարության մեկնաբանությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած ռազմական գործողությունների վերաբերյալ, ըստ էության, երկու կողմերին էլ կոչ արեց պահպանել զինադադարը, թեև Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ-ի անդամ և հարձարկման է ենթարկվել Ադրբեջանի կողմից, ինչպես պաշտոնական Երևանն է պնդում։ Հարցս հետևյալն է՝ Հայաստանի արտգործնախարարությունում ի՞նչ հետևության են հանգել ՀԱՊԿ-ի քարտուղարության այս մեկնաբանության վերաբերյալ։ Շնորհակալություն։
Աննա Նաղդալյան․ Շնորհակալություն։ Անդրադառնալով առաջին հարցին՝ ասեմ, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը և Հայաստանում համապատասխան գերատեսչությունները համակարգմամբ աշխատում են, նախ և առաջ, այդ խնդրի հասցեագրման ուղղությամբ։ Ես դեռևս ձեռնպահ կմնամ նման գործողություններին գնահատական կամ մեկնաբանություն տալուց, քանի որ Արտաքին քաղաքական գերատեսչության առաջնային նպատակը ներկայումս այդ խնդրի հասցեագրումը և դրան լուծում տալն է։
Ինչ վերաբերում է երկրորդ հարցին՝ նշեմ, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը կարևորում էր, նախ և առաջ, ՀԱՊԿ իր գործընկերներին սահմանին ստեղծված իրադրության մասին տեղեկատվության տրամադրումը, որը և տեղի ունեցավ ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստին, որտեղ ելույթով հանդես եկավ մեր ներկայացուցիչը և ներկայացրեց տեղում իրադրությունը։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության հայտարարությանը, որը Դուք մատնանշեցիք, ասեմ, որ այն լիովին արտահայտում էր այս փուլում մեր մտահոգությունները։ Այդ հայտարարությունում միանշանակորեն նշված էր, որ այս լարվածությունը տեղի է ունենում ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանում։ Մենք լիովին վերահսկում ենք իրադրությունը սահմանագծում, և այժմ ՀԱՊԿ-ի որևէ այլ՝ փոխօգնության և այլն ձևաչափով դիմելու կարիքը դեռևս չկա։
Հանրային ռադիո. Տիկին Նաղդալյան, ինձ հետաքրքիր է՝ ինչու՞ է ուշանում միջազգային հանրության արձագանքը՝ Բաքվի հերթական արկածախնդրության և արկածախնդիր հայտարարությունների հետ կապված։
Աննա Նաղդալյան․ Գիտեք, ես ընդունում եմ Ձեր գնահատականը, ընդունում եմ Ձեր կարծիքը, բայց պարտադիր չէ, որ ես այն կիսեմ։
Նախ և առաջ նշեմ, որ եղավ այս իրադարձությունների հետ կապված մեր միջազգային գործընկերների՝ թե՛ գործընկեր պետությունների, թե՛ միջազգային կազմակերպությունների միանշանակ գնահատականը, որն ուղղված էր էսկալացիայի թուլացմանը և տեղում կայունության հաստատմանը։ Եվ, այդ առումով, ես Ձեր գնահատականի հետ փոքր-ինչ համաձայն չեմ։ Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ։ Նախարարը շուրջօրյա կապի մեջ է իր բազմաթիվ գործընկերների հետ և այս ընթացքում ունեցել է երկու տասնյակից ավել հեռախոսազանգեր նրանց հետ։ Տեղում մեր դիվանագիտական ներկայացուցչությունները բավական ակտիվ աշխատանք են տանում հուլիսի 12-ից տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղում օպերատիվ տեղեկատվությունը մեր բոլոր գործընկերներին փոխանցելու համար։ Եվ դրա համար մենք ունենք նաև միանշանակ գնահատականը միջազգային հանրության, բացառությամբ մի քանի դեպքերի, որտեղ նշված է, որ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն իրադրության լարվածության թուլացման և կայունության հաստատման ուղղությամբ։
Սպուտնիկ Արմենիա. Ռուսական կողմը հաստատեց, որ արդեն իսկ ձեռնարկվել են մի շարք քայլեր՝ լարվածության թուլացման հետ կապված։ Ի՞նչ քայլերի մասին է խոսքը, կա՞ արդյոք հիմնախնդրի լուծմանն ուղղված ռուսական նոր նախաձեռնություն։
Աննա Նաղդալյան. Այստեղ նշեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներգրավված են եղել, մասնավորապես, Ռուսաստանի համանախագահը: Ինչպես նշեցի նախարարը մշտական կապի մեջ է եղել իր ռուս գործընկերոջ հետ։ Շփումներ են տեղի ունեցել նաև զինվորականների մակարդակով: Աշխատանքային սահմանափակումից ելնելով՝ ես կարող եմ միայն այս տեղեկատվությունը հայտնել։
Մեր հիմնական առաջնահերթությունն այս փուլում էսկալացիայի դադարեցումն է, կայունության վերականգնումը, առանց որի խաղաղ գործընթացը խաթարված է։
Սպուտնիկ Արմենիա. Արցախի ՊԲ կողմից ԱԹՍ է խոցվել։ Արդյո՞ք այդ մասին տեղեկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, արդյո՞ք նրանք պատրաստվում են այցելել տարածաշրջան։
Աննա Նաղդալյան. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կապը մշտական է, նրանց օպերատիվ տեղեկատվություն է տրամադրվում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և զարգացումների մասին։
Ինչ վերաբերում է վերջիններիս` տարածաշրջան այցելելությանը՝ հայտնենք, որ իրենց` տարածաշրջան այցելությունները ընդհատվել էին կորոնավիրուսի հետ պայմանավորված իրադրությունում, և հույս ենք հայտնում, որ իրադրության արագ կարգավորումից և ուղևորափոխադրումների վերականգնումներից հետո հնարավոր կլինի իրականացնել նման ձևաչափով այցելություններ։
Aysor.am. Պատերազմի ընթացքում խոցված ԱԹՍ-ներից մեկը, պարոն Հովհաննիսյանի տեղեկացմամբ, իսրայելական արտադրության էր։ Ինչպիսի՞ն է լինելու մեր մարտավարությունը Իսրայելի հետ հարաբերություններում այս դեպքից հետո։
Աննա Նաղդալյան. Նշեմ, որ հարցը մենք դիտարկում ենք առավել լայն համատեքստում․ դա զենքերի վաճառքն է տարածաշրջանում և սպառազինությունների մրցավազքի խթանումը տարբեր միջազգային գործընկերների կողմից։ Նշեմ, որ այս հարցի առնչությամբ մենք շատ հետևողական ենք, և ՀՀ ԱԳՆ-ն շատ զգայուն է այս հարցի նկատմամբ: Այս հարցը բարձրացվում է և՛ երկկողմ, և՛ բազմակողմ հարթակներում։
Խնդիրը այն է, որ Ադրբեջանին զենքի վաճառքը մահացու է, քանի որ Ադրբեջանը երբևէ չի երկմտում այդ զենքը քաղաքացիական ենթակառուցվածքների, քաղաքացիական բնակչության դեմ օգտագործելու հարցում, և այս իրադարձությունները, որոնք տեղի ունեցան հուլիսի 12-ից հետո, բավականին հարստացրին դրա վերաբերյալ մեր փաստական ապացույցները։
Մենք հետամուտ ենք լինելու այս հարցում, և այս հարցը մշտապես լինելու է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում մեր օրակարգի բաղկացուցիչ մասը։
Aysor.am. Արդյո՞ք գործել է ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների 2018թ․ պայմանավորվածության արդյունքում ստեղծված օպերատիվ կապը։
Աննա Նաղդալյան. Պետք է նշեմ, որ օպերատիվ կապը գործում է, բայց հաշվի առնելով, որ այս վերջին իրադրության սրումը եղել է լայնամաշտաբ և կրել է դիտավորյալ բնույթ, մենք նախընտրել ենք օգտվել ոչ թե օպերատիվ կապից, այլ աշխատանքներ իրականացնել միջնորդների միջոցով։
Armnews. Ադրբեջանը, կարծես թե, փորձում է միջազգային հանրությանը ներկայացնել՝ թե Հայաստանը սպառնում է Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը։ Նմանատիպ մտահոգություններ մեր եվրոպական գործընկերները բարձրաձայնում են, թե՞ ոչ։
Աննա Նաղդալյան. Նշեմ, որ Հայաստանին նմանատիպ մտահոգություններով մեր գործընկերներից և ոչ մեկը չի դիմել։ Այս առումով պետք է ընդգծեմ, որ Ադրբեջանի այս գործողությունները, մտահոգությունները կամ մեղադրանքները, որ նա հնչեցնում է, կրում են բացառապես մանիպուլատիվ բնույթ, քանի որ մի կողմից Ադրբեջանը փորձում է ուժ կիրառել, իսկ մյուս կողմից իրեն և իր գազամուղները փորձում է ներկայացնել որպես զոհ։
Հայաստանը մշտապես հանդես է գալիս պատերազմի դեմ, Հայաստանը միշտ հանդես է գալիս հրադադարի ամրապնդման դիրքերից, և Հայաստանը մշտապես պատրաստ է իրականացնել տարբեր հատվածներում հրադադարի ամրապնդման ուղղությամբ քայլեր։
Արմենպրես. Ադրբեջանն ունի ԱԳ նոր նախարար։ Ի՞նչ եք կարծում ԱԳ նախարարի փոփոխությունը որևէ ձևով կազդի բանակցային գործընթացի վրա։
Աննա Նաղդալյան. Մենք ընդունել ենք ի գիտություն այն, որ Ադրբեջանի կրթության նախարարը ներկայումս զբաղեցնում է ԱԳ նախարարի պաշտոնը: Սակայն մենք ելնում ենք այն իրողությունից, որ Ադրբեջանում արտաքին քաղաքական ուղղությունը մշակվում է բարձրագույն ղեկավարության կողմից, և այս առումով հայկական կողմը՝ Հայաստանը, բանակցություններ է վարում ոչ թե անձերի, անհատների, այլ Ադրբեջանի ներկայիս իշխանությունների ներկայացուցիչների հետ։
Արմենպրես. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խոսեց հրադադարի պահպանման անվերահսկելի մոնիթորինգի միջազգային համակարգի ստեղծման մասին, սակայն այս պահին անգամ դադարեցված են սահմանային դիտորդական աշխատանքները՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գլխավորությամբ։ Ե՞րբ կվերականգնվեն դրանք։
Աննա Նաղդալյան. Նշեմ, որ մենք նույնպես կարևորում ենք տեղում մոնիթորինգային գործողությունների օր առաջ վերսկսումը, քանի որ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան կարևոր է նման մոնիթորինգային գործողությունների իրականացումը տեղում։ Սակայն մեզ համար կարևոր է ոչ միայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի` մինչ օրս առկա մոնիթորինգային աշխատանքների վերականգնումը, այլ նաև այդ առաքելության ընդլայնումը։ Եվ այդ փաստի մասին, որ մոնիթորինգային աշխատանքները պետք է վերականգնվեն, նշել են նաև ԵԱՀԿ Մինսկի համանախագահները: Սակայն նորից պետք է ասեմ, որ այդ աշխատանքների դադարեցումը պայմանավորված է աշխարհում և տարածաշրջանում կորոնավիրուսի վարակի տարածման հետ։
Հարց. Ինչպիսի՞ն է Իրանի և Վրաստանի պաշտոնական արձագանքը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Աննա Նաղդալյան. Այս երկու երկրների պաշտոնական դիրքորոշումը արտահայտվել և վերահաստատվել է այս օրերին բազմիցս և տեղադրված է իրենց պաշտոնական կայքէջերում. ուստի ես ձեռնպահ կմնամ դրանք այստեղ ներկայացնելուց։
News.am. Ի՞նչ է կարծում Հայաստանը Ադրբեջանի այն սպառնալիքի մասին, որ իրենք պատրաստ են հրթիռակոծել Մեծամորի միջուկային ատոմակայանը։ Արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է որևէ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։
Աննա Նաղդալյան. Այսօր արդեն ԱԳՆ կողմից տարածվեց հայտարարություն, որ Վիեննայում միջազգային կազմակերպությունում մեր ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը արդեն իսկ հանդիպում է ունեցել Միջուկային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ և ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանի հուլիսի 12-ից սկսված լարվածությունը։ Վերջինս նաև անդրադարձել է Հայաստանի հասցեին Ադրբեջանի կողմից հնչած սպառնալիքներին։
Մենք այդ սպառնալիքները դիտարկում ենք որպես պետական և միջուկային ահաբեկչություն և Ադրբեջանի ցեղասպան մտադրությունների արտահայտում։ Ավելացնեմ միայն մեկ բան, որ Ադրբեջանը մի կողմից հանդես է գալիս այն մտավախություններով, որ Հայաստանի ատոմակայանն այդքան էլ անվտանգ չէ, քանի որ գտնվում է սեյսմիկ գոտում, քանի որ հնամաշ է և այլն։ Իսկ մյուս կողմից Ադրբեջանն անձամբ սպառնում է ոչնչացնել այդ ատոմակայանը։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ Ադրբեջանի, այպես կոչված, մտահոգությունները տարածաշրջանի մասին կրում են խիստ հակահայկական բնույթ։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին