211652_close_icon
views-count2529 դիտում article-date 17:26 21-07-2020

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը շրջայց է կատարել «Աբովյան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, ադարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի ուղեկցությամբ այսօր շրջայց է կատարել «Աբովյան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում՝ նպատակ ունենալով ծանոթանալու կալանավորված անձանց և դատապարտյալների պահման պայմաններին, ՔԿՀ-ներում ներդրված սննդի մատակարարման նոր համակարգի շրջանակներում մատուցվող սննդի որակին, առողջության պահպանման իրավունքի պատշաճ ապահովման հնարավորություններին և այլ հարցերին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Շրջայցի ընթացքում նախարարը զրուցել է ՔԿՀ-ներում պահվող անձանց հետ, հետաքրքրվել նրանց հուզող հարցերով, սննդի որակի վերաբերյալ կարծիքներով, եղել խցերում, խոհանոցում, կացարաններում, մարզասրահում, գրադարանում, բուժմասում՝ տեղում ծանոթանալով քրեակատարողական հիմնարկներում առկա հնարավորություններին և կարիքներին: Դատապարտված և կալանավորված անձինք գոհունակություն են հայտնել սննդի որակից, պահման պայմաններից, իսկ հիմնական դժգոհությունները վերաբերել են քրեական գործերին, պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու համար նշանակված դատական նիստերի ձգձգմանը։ Հանձնուքների ընդունման սենյակում նախարար Բադասյանի առաջարկով փորձարկվել է ցանկացած չափ ու խտություն ֆիքսող անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքը․ արգելված իրը դրվել է պայմանական թաքստոցի մեջ և անցկացվել սարքով, որն անմիջապես ճանաչել և տեղորոշել է արգելված իրը: Հիշեցնենք, որ 2020 թվականին բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում տեղադրվեցին անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքեր, ինչպես նաև անցումային և ձեռքի շարժական դետեկտորներ (մետաղորսիչ սարքեր)։ Ժամանակակից սարքերով տեխնիկական վերազինումը հնարավորություն է տվել էականորեն նվազեցնել քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, այդ թվում՝ թմրամիջոցների ներթափանցման դեպքերը, բացի այդ՝ ստուգման գործընթացներում նորարարական սարքերը մարդկային միջամտությունը հասցրել են նվազագույնի` դրանով իսկ նպաստելով կոռուպցիոն ռիսկերի բացառմանը։ Շրջայցի ավարտին նախարար Բադասյանը «Աբովյան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկների պահման պայմանները բարելավելու և հակահամաճարակային կանոնները խստորեն պահպանելու վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ: Տեղեկացնենք նաև, որ 2019 թվականի երկրորդ կիսամյակից առ այսօր «Աբովյան» ՔԿՀ-ում հիմնովին փոխարինվել է ջրահեռացման ցանցը, հիմնանորոգվել է մեկուսարանի 1-ին հարկի լոգասենյակը, անցկացվել է նոր ոռոգման համակարգ, հիմնովին վերանորոգվել և հարդարվել է պահպանության ապահովման բաժնի մասնաշենքը, մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել մեկուսարանի 2-րդ հարկի լոգասենյակում, ընդհանուր 1233 քմ մակերեսով իրականացվել է ասֆալտապատման աշխատանքներ: Նույն ժամանակահատվածում «Սևան» քրեակատարողական հիմնարկում իրականացվել են հիմնարկի արտաքին ջրահեռացման համակարգի շինարարական աշխատանքներ, տեղադրվել է նախատեսված 2 մաքրման կայաններից մեկը, մասնակի վերանորոգվել և ամրացվել են հիմնարկի շենք-շինությունների քամուց վնասված մոտ 300 քմ թիթեղապատ տանիքածածկույթները:

Նմանատիպ նյութեր