211652_close_icon
views-count2475 դիտում article-date 18:06 06-08-2020

Արագածոտնի մարզում կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերն ավելացել են 40 տոկոսով

ՀՀ Արագածոտնի մարզի դատախազությունում ամփոփվել են 2020թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները: Ըստ այդմ՝ ՀՀ Արագածոտնի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսներին առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 35 քրեական գործ: Այս ցուցանիշը 14-ով կամ 40%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 12-ն արձանագրվել է կրթության, 17-ը՝ տեղական ինքնակառավարման, 3-ը՝ բժշկական սպասարկում իրականացնող կազմակերպություններում, 1-ը՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունում կատարված կոռուպցիոն հանցավոր դրսևորումների առթիվ, իսկ 2-ը վերաբերում է իրավապահ մարմինների պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ հանցագործությունների կատարմանը: 2020թ. առաջին 6 ամիսների ընթացքում հարուցված քրեական գործերով 19 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից՝ համայնքների 5 ղեկավարի, դպրոցների 6 տնօրենների, 1 ուսուցչի, 1 համայնքապետարանի աշխատակցի, 3 դպրոցի աշխատակցի, 3 քաղաքացու՝ պաշտոնատար անձանց կողմից հանցագործության կատարմանն օժանադակելու համար: Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 5 անձի վերաբերյալ 3 քրեական գործ, իսկ դատարանում ավարտվել է 2 քրեական գործ, 3 անձի վերաբերյալ, որոնցից 1 քրեական գործով 2 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ: 2020թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը և համայնքներին պատճառված վնասը կազմել է 74.343.213 ՀՀ դրամ, որից 15.483.025 ՀՀ դրամը վերականգնվել է: Ընդ որում՝ 2020թ. առաջին կիսամյակում ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործություններով քննված քրեական գործերով վերականգնվել է 30.535.174 ՀՀ դրամ: Մնացած մասը վերականգնելու ուղղությամբ գործադրվել է պատշաճ քրեադատավարական գործիքակազմ: Բռնագանձումը պատշաճ ապահովելու համար նախաքննության ընթացքում մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է արգելանք: Կոռուպցիոն հանցագործությունների պատճառների ու նպաստող պայմանների, ինչպես նաև հայտնաբերված պետական շահերի խախտումները վերացնելու նպատակով ՀՀ Արագածոտնի մարզպետին, համայնքների ղեկավարներին, ՀՀ ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենին ներկայացվել են տարբեր խնդիրների վերաբերյալ 6 միջնորդագրեր, որոնց արդյունքում պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր: Համընդգրկուն աշխատանքներ են տարվել նաև բացառապես դատախազական գործառույթ հանդիսացող՝ պետական շահերի պաշտպանության ոլորտում: Այս շրջանակներում կատարվել կամ կատարվում են 8 ուսումնասիրություններ՝ որոնք վերաբերում են ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից համայնքներում ներդրումներ կատարելու, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման վճարների գծով պարտավորությունների կատարման, համայնքի ղեկավարների կողմից օրենքին հակասող հողամասեր տրամադրելու գործընթացին և այլ ոլորտների: Կատարվող ուսումնասիրություններով անհրաժեշտ սուբյեկտներին դատախազության կողմից տրվել են 21 նախազգուշացումներ, ինչի արդյունքում ևս ընթանում է պետությանը պատճառված վնասների վերականգնում: 2020թ. առաջին կիսամյակում Արագածոտնի մարզի դատախազությունից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 3 քրեական գործ՝ 5 անձի վերաբերյալ, մինչդեռ 2019թ. նույն ժամանակահատվածում դատարան քրեական գործեր չեն ուղարկվել: [b]ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր