1738 դիտում
17:09 07-08-2020
ՀՀ դատախազությունն առաջարկում է օրենսդրորեն բարելավել ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով կատարված լրացմամբ 2018 թվականի հունվարի 1-ից դատախազին բացառիկ իրավունք վերապահվեց մասնավոր մեղադրանքի դեպքերով, հանրային մեղադրանքի կարգով, այսինքն՝ նաև առանց դիմողի բողոքի առկայության, քրեական վարույթ հարուցել ընտանիքում բռնության բոլոր այն դեպքերում, երբ, դատախազի գնահատմամբ, անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը:
ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է ընտանիքում բռնության մասնավոր մեղադրանքի դեպքերը հանրային կարգով քննելու կապակցությամբ դատախազի՝ հիշյալ լիազորության իրացման վիճակը: Ամփոփման արդյունքներով ի հայտ են բերել մի շարք բացեր և լրացուցիչ խնդիրներ, որոնց լուծումները կարող են էապես բարելավել ընտանիքում բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը:
Այդ նպատակով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում նախանշվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների առաջարկություններ, որոնք ներկայացվել են ՀՀ կառավարությանը՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի՝ ընտանիքում բռնության դեմ պայքարի օրենսդրության կատարելագործում ինստիտուցիոնալ մեխանիզմների մշակում բաղադրիչի շրջանակներում:
Մասնավորապես՝ դատախազությունն առաջարկել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասում կատարել այնպիսի փոփոխություն, որի դեպքում դատախազի՝ հիշյալ լիազորության իրացման հնարավորությունը կապվի ենթադրյալ հանցագործությունից տուժած անձի ոչ միայն անօգնական կամ կախվածության վիճակի, այլ նաև նրա կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական անմիջական վտանգի առկայության հետ: Դա բխում է քրեադատավարական օրենսդրությունը ՄԻԵԴ նախադեպային իրավունքին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից՝ հաշվի առնելով, որ վեջինս ընտանիքում բռնության մասնավոր դեպքերը հանրային կարգով քննելու հնարավորությունը մեծապես կապում է բռնության կրկնվելու հավանականության և այդ առումով անձի կյանքի իրավունքի երաշխավորման պետության պոզիտիվ պարտականության հետ:
Բացի այդ, թեև դատախազը կարող է ստուգել ընտանիքում բռնության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը՝ պարզելու ենթադրյալ բռնության ենթարկվածի՝ անօգնական վիճակում կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, սակայն դրա համար խիստ անբավարար է միայն բացատրությունների արձանագրություններին կամ նյութերին ծանոթանալը:
Չնայած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասի կիրարկման վերաբերյալ ՀՀ դատախազությունում շրջանառության մեջ դրված ուղեցույցով պարտավորեցվել է դատախազներին ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքով կազմակերպել ենթադրյալ բռնությունից տուժած անձի ընդունելություն՝ հավաստիանալու նրա՝ անօգնական վիճակում գտնվելու կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու հանգամանքների առկայության մեջ, սակայն շատ դեպքերում, ենթադրյալ բռնարարի հետ արդեն իսկ հաշտված լինելու կամ այլ պատճառով, ընտանիքում բռնությունից տուժած անձինք հրաժարվում են ընդունելության ներկայանալ դատախազություն:
Այս առումով առաջարկվել է, դատախազի իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության համաչափությունն ապահովելու նպատակով նախատեսել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված լիազորության իրացման առավել արդյունավետ մեխանիզմներ:
Ներկա կարգավորումների պայմաններում խնդրահարույց է նաև այն իրավիճակը, երբ, քրեական գործն ի սկզբանե դատախազի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ հոդվածի կարգով հարուցված չլինելու պայմաններում, տուժողը հաշտվում է մեղադրյալի հետ, սակայն առկա են տուժողի՝ անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարած անձից ունեցած կախվածության փաստի ուժով իր իրավաչափ շահերը պաշտպանել չկարողանալու կամ կյանքին, առողջությանը սպառնացող իրական վտանգի վերաբերյալ տվյալներ: Այդ պարագայում քրեական վարույթը հանրային կարգով շարունակելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հնարավորություն, փաստորեն, առկա չէ:
Այս առումով առաջարկվել է, որպեսզի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում համապատասխան փոփոխությունների միջոցով իրավական հնարավորություն ստեղծվի նաև դատախազի կողմից հանրային մեղադրանքի կարգով քրեական գործ հարուցելու այն դեպքերում, երբ դիմողի բողոքի հիման վրա ընտանիքում բռնության մասնավոր դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության փուլում անձը հրաժարվել է բողոքից, բայց առկա է տուժողի անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարած անձից ունեցած կախվածության փաստի ուժով իր իրավաչափ շահերը պաշտպանել չկարողանալու կամ կյանքին, առողջությանը սպառնացող իրավան անմիջական վտանգ:
Ընտանիքում բռնության դեպքերով քննությունների պրակտիկան վկայում է նաև, որ լինում են դեպքեր, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով քրեական գործ հարուցելու մասին որոշում է կայացվում, սակայն հետագա նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հերքվում է, որ տուժողը ենթադրյալ հանցանք կատարած անձից գտնվել է կախվածության մեջ կամ անօգնական վիճակում կամ նախաքննության փուլում դադարում է նման վիճակի մեջ գտնվել: Գործող իրավանորմերով նման դեպքերում հնարավոր չէ կայացնել հաշտության հիմքով քրեական հետապնդումից հրաժարվելու մասին որոշում: Դատախազությունն առաջարկում է օրենսդրական փոփոխություններով լուծել նաև նշված խնդիրը:
Նկատի ունենալով ընտանիքում բռնությունների դեմ քրեաիրավական արդյունավետ պայքարի հանրային մեծ նշանակությունը՝ ՀՀ դատախազությունը շահագրգիռ է նշված առաջարկների շուրջ հանրային ու մասնագիտական առավել լայն քննարկումների հարցում:
Ըստ ՀՀ ոստիկանությունից ստացված տվյալների, 2020 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում քննվել է ընտանիքում բռնության 246 դեպք, որը 6-ով ավելի է 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ: 58-դեպքով հարուցվել է քրեական գործ, որը 4-ով ավելի է նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ: Ընդ որում՝ այս տարվա առաջին 6 ամիսների կտրվածքով մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերը (թվով 13) 62.5% ավելի է 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ (թվով 8 քրեական գործ):
Ընտանիքում բռնության մասնավոր մեղադրանքի 11 դեպքով, բողոքի բացակայության պայմաններում, դատախազի որոշմամբ, հարուցվել է նույնքան քրեական գործ: Փաստորեն՝ ընտանիքում բռնության դեպքերի առթիվ քրեական գործերի 20%-ը հարուցվել են դատախազի կողմից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասի լիազորության իրացման արդյունքում:
[b]ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
817 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
847 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»