211652_close_icon
views-count2921 դիտում article-date 14:42 19-08-2020

Մենք ամաչելու որևէ արարք չենք արել, որ Ադրբեջանից ներողություն խնդրենք. կամաչեինք, եթե չդիմադրեինք, չպաշտպանեինք մեր օջախները. այդ ժամանակ ներողություն կխնդրեինք, բայց մեր ժողովրդից. Սերժ Սարգսյան. Tert.am

Իսկ ինչի՞ համար մենք պետք է Ադրբեջանից ներողություն խնդրենք, այն բանի համա՞ր, որ մենք, հետևելով օրենքի տառին, փորձում էինք խաղաղ ճանապարհով իրականացնել ինքնորոշման մեր իրավունքը, իսկ նրանք հրոսակախմբեր ուղարկեցին մեզ վրա և փորձում էին զենքով մեզ ճնշել, այն բանի համա՞ր, որ նրանք իրենց կրակակետերը տեղադրել էին բնակավայրերում և այդպիսով իրենք իրենց ապահով էին զգում՝ հրետակոծելով ողջ խաղաղ բնակչությանը։ Ինչպես հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/08/19/serzh-sargsyan/3373726]Tert.am[/url]-ը, այս մասին Ապրիլյան պատերազմի վերաբերյալ ասուլիսին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե օրերս BBC-ի Hard talk հաղորդմանը հաղորդավարը, փորձելով Նիկոլ Փաշինյանին վատ դրության մեջ դնել, հարցրել է՝ արդյո՞ք նա պատրաստ է ներողություն խնդրել Ադրբեջանից՝ հայերի՝ այսպես կոչված, «ռազմական հանցագործությունների» համար: Լրագրողը Սարգսյանից հետաքրքրվեց՝ ո՞րը կլիներ այս հարցի՝ իր պատասխանը: «1992 թվականին՝ մինչև մայիս ամիս, օր է եղել՝ Ստեփանակերտի վրա մինչև 350 ռումբ, արկ ու հրթիռ է ընկել. այդ բանի համա՞ր ներողություն խնդրեինք: Ես և իմ մարտական ընկերները որևէ կոմպլեքս չունենք ընդհանրապես ներողություն խնդրելու, բայց դրա համար հիմք է պետք: Մենք ամաչելու ոչինչ չունենք: Մենք կամաչեինք, եթե չդիմադրեինք, եթե չպաշտպանեինք մեր օջախները, եթե բոլորս հավաքվեինք Երևանում և սկսեինք Ստեփանակերտ-Ստեփանակերտ երգել: Այդ ժամանակ մենք պետք է ներողութուն խնդրեինք, բայց ոչ թե Ադրբեջանից, այլ մեր ժողովրդից և առաջին հերթին այն տղաներից, որոնք իրենց կյանքի գնով պաշտպանում էին յուրաքանչյուր մետր»,-ասաց ՀՀ երրորդ նախագահը՝ ընդգծելով՝ մենք Ադրբեջանից ներողություն խնդրելու որևէ առիթ չունենք: «Ես ցավում եմ նրա համար, որ և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից եղան բազմաթիվ զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, բայց, ցավոք սրտի, պատերազմի առանձնահատկություններից մեկն էլ դա է, որ տուժում է նաև քաղաքացիական բնակչությունը: Մենք ամաչելու որևէ արարք չենք արել, որ ներողություն խնդրենք»,-ասաց նա: Անդրադառնալով դիտարկմանը, թե Սարգսյանը ՄԱԿ-ում ելույթ ունենալիս, անդրադառնալով 2015-ի սեպտեմբերի տավուշյան մարտերին, ասել է, որ եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը, Հայաստանին այլընտրանք չի մնում՝ ձեռնարկել իրավական քայլեր՝ կապված ԼՂ հետ, իսկ հոկտեմբերի 7-ին ԱԳ նախարարը նույնպես նշել է, որ եթե սկսվեն ռազմական գործողություններ, ՀՀ-ն կճանաչի ԼՂ անկախությունը, և հարցին՝ ինչու՞ Ապրիլյանի ժամանակ չեն օգտվել այդ առիթից և ճանաչել ԼՂ անկախությունը, Սերժ Սարգսյանն ասաց. «Ես շատ լավ հիշում եմ իմ բոլոր ասածները, բայց համաձայնեք՝ ես չեմ ասել՝ պատերազմի հենց առաջին օրը ճանաչելու ենք ԼՂ անկախությունը: Ռազմական գործողությունները տևեցին ընդամենը 4 օր, եթե երկարաձգվեին, ապա անպայման մենք ճանաչելու էինք ԼՂ անկախությունը, որովհետև ակնհայտ էր դառնալու, որ մենք հաստատակամ ենք իրագործել մեր այն խոստումը, որ տվել էինք մեր ժողովրդին. այն է՝ ՀՀ զինված ուժերը ԼՂ անվտանգության երաշխավորն են, և Հայաստանն ամեն ինչ օգտագործելու է, որ պաշտպանի ԼՂ բնակչությանը»,-ասաց նա՝ նշելով, թե հիմա էլ է համոզված ՝ եթե իրոք լինի լայնածավալ պատերազմ, ապա ՀՀ-ն պարտավոր է ճանաչել ԼՂ անկախությունը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր