66331 դիտում
21:07 27-08-2020
Տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի համահեղինակությամբ հրատարակված գրքի շնորհանդեսը, որի կարիքն ունեն թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանամետ լրագրողները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր, օգոստոսի 27-ին, տեղի ունեցավ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, Իրավաբանական գիտությունների թեկնածու, Արփինե Հովհաննիսյանի՝ դասագրքի շնորհանդեսը, որն այս անգամ վերաբերում էր Մեդիագրագիտությանը: Արփինե Հովհաննիսյանի գրքի շնորհանդեսին ներկա էին ինչպես ներկա, այնպես էլ նախկին պաշտոնյաներ, պատգամավորներ, մեդիա ոլորտի ներկայացուցիչներ:
Ելույթ ունենալով, Արփինե Հովհաննիսյանը ողջունեց ներկաներին և իր խոսքում ներկայացրեց այսպիսի աշխատություն ունենալու պատճառները: Ընդ որում՝ Հովհաննիսյանը նշեց, թե սա այն գրքերից մեկն է, որի շնորհանդեսը որոշել է կազմակերպել այսպիսի մեծամասշտաբ:
Այնուհետև նա զրուցեց նաև լրագրողների հետ և կիսվեց այսպիսի դասագիրք ունենալու պատճառների մասին: Նրա խոսքով, այս դասագրքում առկա են մեդիատիրույթի հիմնական խնդիրները, բայց փորձ է արվել ներկայացնել նաև միջազգային փորձը:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանի ելույթն ամբողջությամբ՝
Հարգելի գործընկերներ,
ԱՄՆ ՄԶԳ առաքելութան ղեկավար տիկին Դ. Գրիեզեր
ՄԱԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար պարոն Շ. Շարփ
Լրատվամիջոցների սիրելի ներկայացուցիչներ
Իրապես շնորհակալ եմ և զգացված, որ ներկա եք այստեղ , ինձ համար կարևոր այս օրը:
Լինելով բազմաթիվ դասագրքերի հեղինակ և համահեղինակ առաջին անգամն է, որ որոշում եմ կայացրել նման հրապարակային կերպ ներկայացնել:
Մեդիա իրավունքի վերաբերյալ դասագիրք գրելու մտահղացումը ունի մոտ տասը տարվա պատմություն, երբ ես սկսեցի դասավանդել ԵՊՀ իրավագիտության և ժուռնալիստիկայի ֆակուլտետներում, իսկ այնուհետ նաև` պրակտիկ գործունեության ընթացքում, երբ տարբեր թեմաներով և տարբեր կտրվածքներով բարձրանում էր օրենսդրական կարգավորումների մեկնաբանման կամ օրենսդրական թերկարգավորումների հաղթահարման անհրաժեշտություն: Այդ ուղու կարևոր պահից ինձ միացավ իմ նախկին լավագույն ուսանողներից, ներկայումս իրավավագիտության ֆակուլտետի ասպիրանտ ու այլևս իմ լավ ընկեր Մարիամ Այվազյանը, որի հետ էլ ավարտին հասցրինք այս աշխատանքը:
Բավական հետաքրքրական է, որ թեև մենք գրքի վրա աշխատանքները սկսեցինք հարուստ պաշարաներով, նկատի ունենալով տարիների ընթացքում կատարված ուսումնասիրությունները և լրագրողների հետ անընդհատ քննարկումները, սակայն բուն գրքի վրա աշխատանքի արդյունքում պարզ դարձավ, թե դեռ ինչքան անելիքներ կան, ինչքան ոլորտներ առավել խոր ուսումնասիրության կարիք ունեն, որքանով լրագրողների իրավունքները առավել համապարփակ պաշտպանության կարիք ունեն:
Ներկայումս ամբողջ աշխարհում մեծանում է հետաքրքրությունը մեդիա իրավունքի նկատմամբ, հիմնվում են կրթական ծրագրեր, գրվում են բազմաթիվ դասագրքեր` ամենատարբեր շեշտադրումներով ու կառուցվածքով:
Աշխատանքները սկսելիս մենք ի սկզբանե գիտակցում էինք, որ միանգամից մեկ դասագրքով հնարավոր չէ ծածկել բոլոր հնարավոր թեմաները, այդ իսկ պատճառով մեր աշխատանքների հիմքում դրեցինք այն գաղափարախոսությունը, որ պետք է ստանալ դասագիրք, որը ուղենիշային լինի և' լրագրողների, և' իրավաբանների համար, այսինքն` հնարավորինս պարունակի այն թեմաները ինչ իրավաբանները պետք է իմանան լրագրության մասին, իսկ լրագրողները՝ իրավաբանության։
Յուրաքանչյուր թեմայի անդրադառնալիս փորձել ենք վերհանել միջազգային լավագույն պրակտիկան, ՄԻԵԴ պրակտիկան, հեղինակավոր կազմակերպությունների և կառույցների մոտեցումները, և դրանց լույսի ներքո ներպետական կարգավորումները:
Ուզում եմ մի քանի գործնական օրինակ բերել այս աշխատանքի մեջ բերված նորույթներից, որոնք գործնական կիրառություն կունենան՝
• Տևական ժամանակ է, որ հայկական իրականությունում, ինչպես նաև աշխարհի շատ երկրներում ընթանում են բանավեճեր լրագրողի հասկացության վերաբերյալ: Ուստի մենք փորձեցինք վերհանել միջազգային լավագույն փորձը, ամենատարբեր մեկնաբանությունները, Եվրոպայի խորհրդի հիմնական փաստաթղթերը և դրանց համադրությամբ նաև «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ Օրենքի կարգավորումները: Եվ հիմա իրավական առումով, երբ բարձրանա ով է լրագրողը հարցը, պատասխան գտնելը կլինի ավելի հեշտ:
• Հայաստանի Հանրապետությունում լրագրողական աղբյուրների պաշտպանության վերաբերյալ քննարկումները նոր չեն, սակայն, ցավոք սրտի, դրանք գնացել են բավական նեղ մեկնաբանությունների ուղով, մինչդեռ մենք դասագրքում, հիմնվելով բազմաթիվ աղբյուրների վրա, ՄԻԵԴ նախադեպային պրակտիկայի վրա, ցույց ենք տվել, որ լրագրողական աղբյուրների պաշտպանությունը իր մեջ բացի որոշակի տեղեկությունների հրապարակման հարկադրանքի արգելքից ներառում է նաև մամուլի կազմակերպությունների և լրագրողների տների, գրասենյակների խուզարկությունների, լրագրողներին հետևելու, նրանց հեռախոսային խոսակցությունների և նամակագրության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու և մի շարք այլ արգելքները:
• Մենք անդրադարձել ենք նաև թեմաների, որոնք գրեթե շոշափված չեն մեր իրավական գրականության մեջ,օրինակ` դոմենների պաշտպանությունը, անձնական կյանքի պաշտպանության և անձնական տվյալների պաշտպանության հարաբերացությունը, անմեղության կանխավարկածը և զանգվածային լրատվության միջոցները, կեղծ լուրերի դեմ պայքարի իրավական հիմքերը և այլն:
Հուսով եմ շատ ամբիցիոզ չի հնչի, սակայն կարծում ենք, որ նման ձևաչափով դասագիրքը նորություն է ոչ միայն մեր իրականության համար, այլ նաև տարածաշրջանում: Այդ իսկ պատճառով մենք պատրաստվում ենք դասագիրքը թարգմանել նաև անգլերեն և ռուսերեն լեզուներով: Միաժամանակ մենք խորապես գնահատում ենք այն փաստը, որ նման դասագիրքը անհնար էր առանց մեր գործընկերների և առաջին հերթին լրագրողների հետ այս տարիների ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ քննարկումների, մտքերի փոխանակությունների արդյունքում, ու հենց այդ պատճառով էլ մեզ համար չափազանց կարևոր է յուրաքանչյուրի արձագանքը դասագրքի, նրանում բարձրացված թեմաների վերաբերյալ: Մենք համոզված ենք, որ այդ դիտարկումները հիմք են դառնալու մեդիա իրավունքի վերաբերյալ դասագրքի նոր մասը գրելու և քննարկվող թեմաները ընդլայնելու համար:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 256+
256+
Նմանատիպ նյութեր
2592 դիտում
23:12 08-11-2016
Տեղի կունենա Ա. Իսահակյանի «Լիլիթ» ստեղծագործության բրայլյան տարբերակով հրատարակված գրքի շնորհանդեսը
6834 դիտում
21:16 23-03-2017
Տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ և պատվերով հրատարակված գրքերի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ