211652_close_icon
views-count2002 դիտում article-date 20:07 01-09-2020

ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում մեկնարկել է նոր ուսումնական տարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարաններում հանդիսավորությամբ և զինվորական կարգով ազդարարվել է նոր ուսումնական տարվա մեկնարկը: Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ կարևորել և գոհունակություն է հայտնել, որ նույնիսկ կորոնավիրուսային համավարակի պայմաններում, այս տարի, ռազմաուսումնական հաստատություններ դիմորդների թիվը պատկառելի է եղել։ «Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա կապակցությամբ, մաղթում, որ այն լինի արդյունավետ, հաջողություններով լի, դառնա հիմնավոր գիտելիքների ձեռքբերման ու բարձր առաջադիմության տարի: Հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գիտելիքը զարգացման ու առաջընթացի ամենահուսալի երաշխավորն է: Իսկ ռազմական ոլորտում այն կարևոր է կրկնակի, քանի որ կայուն ապագա ունի միայն պաշտպանունակ ու անխոցելի սահմաններ ունեցող երկիրը։ Մեր ռազմական կրթօջախների կուրսատները չեն սխալվել մասնագիտական ընտրության հարցում: Վստահ եմ՝ նրանք գիտակցաբար և ամենայն պատասխանատվությամբ են ընտրել զինվորականի ուղին և ամեն ինչ անելու են, որ գիտելիքների մեծ պաշարով համալրեն մեր զինված ուժերի շարքերը: Բոլորիդ մաղթում եմ բարի երթ ու հաջողություններ»: Կուրսանտներին շնորհավորել և խաղաղ ու արդյունավետ ուսումնական տարի են մաղթել նաև ռազմական կրթօջախների ղեկավարները: Ի դեպ, առաջիկա օրերին կազդարարվի նաև «Պատիվ ունեմ» ծրագրի այս տարվա մեկնարկի մասին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր