211652_close_icon
views-count2117 դիտում article-date 14:29 03-09-2020

Լրացուցիչ 888 մլն դրամ հատկացվեց հակաճգնաժամային 17-րդ միջոցառման համար. կտրամադրվի 61 դրամաշնորհ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց վերաբաշխում կատարել 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում: Հարցը ներկայացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը՝ նշելով, որ որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 07-ի թիվ 714-Լ որոշման պահանջներից, որի նպատակը` կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանն օժանդակությունն է: Նկատի ունենալով, որ ծրագիրն իրագործվելու է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով հաստատված 1043 «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման» ծրագրի «Գաղափարից մինչև բիզնես» միջոցառման շրջանակներում, անհրաժեշտություն է նշված միջոցառման առկա ողջ չօգտագործված 888 մլն դրամն ուղղել նոր` «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառմանը»` համապատասխանաբար նվազեցնելով նաև ոչ ֆինանսական ցուցանիշները, նոր միջոցառման համար սահմանելով նոր քանակական չափորոշիչներ: Նախատեսվում է շուրջ 61 դրամաշնորհների տրամադրում: Փոխնախարարի խոսքով, աջակցության միջոցառումը կազմված է երեք դրամաշնորհային ծրագրերից՝ նորարարական, կայացած ընկերությունների եւ համաֆինանսավորման դրամաշնորհներից: «Առաջին 2 դրամաշնորհների համար ստացել ենք աննախադեպ քանակի հայտեր՝ 290-ից ավելի հայտ, որոնք արդեն ամփոփման փուլում են: Երրորդի մասով արդեն 5 հայտ ենք ստացել, բայց դեռ կստանանք: Նախատեսվում է, որ ամբողջ գումարը կսպառվի: Ժյուրին այդ 290 հայտերից հավանություն է տվել 70-ից ավելի ընկերությունների հայտերին, եւ եթե դրանք բավարարվեն, մենք կանցնենք սահմանված 888 մլն դրամի շեմը»,-ասաց փոխնախարարը:

Նմանատիպ նյութեր