211652_close_icon
views-count1634 դիտում article-date 13:52 04-09-2020

Մեր կողքին իսկական հերոսներ են կանգնած. Երևանի քաղաքապետը պարգևատրել է ԱԻՆ աշխատակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ հյուրընկալել է ոլորտի մի շարք աշխատակիցների: Շնորհավորելով փրկարարների մասնագիտական տոնը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել պատասխանատու և նվիրված աշխատանքի համար: Հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ «Տեսնելով այն աշխատանքը, այն նվիրվածությունը, ամենադժվար պահին սեփական կյանքի մասին չմտածելու հանգամանքը, չի կարող մարդը չգիտակցել, որ այդ պահին իր կողքին իսկական հերոսներ են կանգնած: Վստահ եղեք, որ քաղաքապետարանն իր ողջ կազմով մշտապես կանգնած է կառույցի կողքին: Եվ ես, եթե ճիշտն ասեմ, ընդհանրապես տարբերություն էլ չեմ տեսնում երկու գերատեսչությունների միջև: Ես համարում եմ սա մեկ ընդհանուր գերատեսչություն: Մենք մեր բնակիչների անվտանգությունն ենք ապահովում: Եվ այս համագործակցությունն ու համատեղ աշխատանքների ճիշտ կազմակերպումը նաև իր ապացույցը բերեց վերջերս Ռայնիսի փողոցում տեղի ունեցած պայթունի ժամանակ: Իհարկե, ամենաբարդ և դժվար գործը ձերն է, կյանքը վտանգելու մասը ձերն է, բայց մենք նույնպես առանց ոչ մի բանի մասին մտածելու, իմացե՛ք, միշտ ձեր կողքին կանգնած ենք»,- ընդգծել է քաղաքապետը: Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ, Երևանի բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների վերացման և արագ արձագանքման համար ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Փրկարար ծառայության մի շարք աշխատակիցներ էլ մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր