2180 դիտում
16:58 18-09-2020
Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան. ԿԲ
Վարշավայի ֆոնդային բորսան (ՎՖԲ) Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի (ՀՀ ԿԲ) հետ ստորագրել է պայմանաթերթ` ՀՀ ԿԲ-ից Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) 65%-ը ձեռք բերելու շուրջ բանակցությունների վերաբերյալ:
ՎՖԲ-ի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի հնարավոր ձեռքբերումը պահանջում է, ի թիվս այլոց, անհրաժեշտ ուսումնասիրությունների իրականացում եւ համապատասխան կորպորատիվ հավանություններ։
Հայաստանի ֆոնդային բորսայի 100%-ի նախնական գնահատված արժեքը շուրջ 6 միլիոն լեհական զլոտի է (1․6 միլիոն ԱՄՆ դոլար)։
2020 թ․ սեպտեմբերի 18-ին Վարշավայի ֆոնդային բորսայի (ՎՖԲ) կառավարման խորհուրդը եւ ՀՀ կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) ստորագրեցին պայմանաթերթ` ՎՖԲ-ի կողմից Հայաստանի արժեթղթերի բորսայում 65% հսկիչ փաթեթ ձեռք բերելու շուրջ բանակցությունների վերաբերյալ: Համաձայնությունը պարտադիր բնույթ չի կրում: Ձեռքբերման վերջնական պայմանները, ի թիվս այլոց, կախված կլինեն անհրաժեշտ ուսումնասիրությունների իրականացման եւ համապատասխան կորպորատիվ հավանությունների արդյունքներից:
«ՎՖԲ-ի եւ ՀՀ կենտրոնական բանկի միջեւ հաստատված հարաբերությունները լավ լուր են երկու կողմերի համար: Հայաստանի տնտեսության շատ ճյուղերում որակյալ ներդրումների անհրաժեշտություն կա, այնպես որ երկիրը հսկայական աճի ներուժ ունի: Ներդրումները տնտեսական աճի խթան են, հատկապես զարգացող շուկաներում: Կարծում եմ՝ ՎՖԲ-ի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերումը կնպաստի Հայաստանի կապիտալի շուկայի արագ աճին, իսկ Վարշավայի ֆոնդային բորսան կկարողանա գոհացուցիչ եկամտաբերություն ապահովել ներդրումից: Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ Լեհաստանը նպաստում է զարգացող շուկաների կայացմանը, ինչը լավ ուղղություն է», - ասաց Լեհաստանի փոխվարչապետ եւ պետական ակտիվների նախարար Յացեկ Սասինը:
ՎՖԲ-ի եւ ՀՀ ԿԲ-ի միջեւ ստորագրված պայմանաթերթը սահմանում է հետագա բանակցությունների շրջանակային պայմանները, որոնք ուղղված են հնարավոր ներդրումային համաձայնագիր կնքելուն: Հաջորդ քայլով ՎՖԲ-ն կկատարի համալիր ուսումնասիրություն, կմշակի Հայաստանի արժեթղթերի բորսայի զարգացման հնգամյա ծրագիր` ՀՀ ԿԲ-ի եւ Հայաստանի ֆոնդային բորսայի հետ համատեղ, եւ կսահմանի ներդրումային համաձայնագրի վերջնական պայմանները, որոնք կարող են տարբերվել շրջանակային պայմաններից:
«ՎՖԲ-ն կայուն եւ անշեղորեն աճող ընկերություն է Լեհաստանի կապիտալի շուկայի սրտում եւ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ֆոնդային բորսայի արդյունաբերության առաջատարն է: Համոզված եմ, որ Վարշավայի ֆոնդային բորսայի վերջին 30 տարիների ընթացքում ձեռք բերված մեծ փորձն ու բանիմացությունը կնպաստի Հայաստանի ֆինանսական շուկայի հետ սերտ եւ բեղմնավոր հարաբերություններին», - նշեց Լեհաստանի Պետական ակտիվների նախարարության վերլուծությունների եւ հշվետվությունների դեպարտամենտի ղեկավար, ՎՖԲ հսկիչ խորհրդի նախագահ Դոմինիկ Կաչմարսկին: ՎՖԲ-ն պայմանաթերթի իրագործմանը նախորդող իր վերլուծությունների համար սահմանել է Հայաստանի արժեթղթերի բորսայի երկարաժամկետ զարգացմանն ուղղված մեկ տասնյակից ավելի հավանական ռազմավարական նախագծերի ցանկ: Զարգացման հիմնական ոլորտները ներառում են արդի տեխնոլոգիաների հենքով նորագույն լուծումների իրականացումը, հումք-ապրանքային առեւտրի կազմակերպումը, աջակցություն ՎՖԲ եւ Հայաստանի ֆոնդային բորսայի թողարկողների կրկնակի ցուցակմանը եւ առեւտրի ժամանակակից հարթակի տրամադրումը:
«Բազմաթիվ ոլորտներ ենք տեսնում, որտեղ կարելի է թափ հաղորդել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը: Առաջնային ոլորտներ են թվայնացումը եւ գործընթացների ավտոմատացումը, որոնք այժմ զարգացած տնտեսություններում ֆոնդային բորսաների առանցքային հիմնասյուներն են: Հայաստանի ֆոնդային բորսայի հնարավոր ձեռքբերումը կօգնի մեզ ընդլայնել մեր ծառայությունները եւ ձեռնամուխ լինել #GPW2022 ռազմավարության իրականացմանը: Մյուս կողմից՝ սրանով ՎՖԲ Խմբի «նոու-հաուն» հասանելի կինի Հայաստանի արժեթղթերի բորսային», - մատնանշեց ՎՖԲ Կառավարման խորհրդի նախագահ Մարեկ Դիթլը:
ՀՖԲ-ի համախմբված եկամուտը 2019 թվականին կազմել է 6․4 մլն լեհական զլոտի (1․71 մլն ԱՄՆ դոլար), հասույթը նախքան տոկոսների, հարկերի, մաշվածության եւ ամորտիզացիոն գումարների վճարումը (EBITDA)` 2․0 մլն զլոտի (0․53 մլն ԱՄՆ դոլար) եւ զուտ շահույթը՝ 1.3 մլն զլոտի (0․35 մլն ԱՄՆ դոլար): 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ՀՖԲ-ի ընդհանուր ակտիվները կազմել են 6.5 մլն զլոտի (1.73 միլիոն ԱՄՆ դոլար): ՀՖԲ-ի սեփական կապիտալի 100%-ի նախնական ոչ պարտադրական գնահատումը հավասար է ընկերության 2020 թ․ հունիսի 30-ի դրությամբ առկա հաշվեկշռային արժեքին, այսինքն` շուրջ 6 մլն զլոտի (1․6 միլիոն ԱՄՆ դոլար): ՎՖԲ-ի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայում բաժնեմասի հնարավոր ձեռքբերման գինը կհաստատվի պատշաճ ուսումնասիրություններն ավարտելուց հետո:
«Ուրախ ենք, որ համաձայնության ենք եկել ՎՖԲ-ի հետ մեր հետագա համագործակցության հիմնաշրջանակի շուրջ: Այս փոխշահավետ գործարքը երկարաժամկետ ռազմավարական նշանակություն ունի երկու կողմերի համար, եւ նաեւ ուրախ ենք փաստել, որ մենք ՎՖԲ-ին տեսնում ենք որպես գործընկեր, որը կիսում է կապիտալի շուկաների հետագա զարգացման մեր տեսլականը: ՎՖԲ-ի առաջնորդությունն այս ձեռնարկում հնարավորություն է տալիս իրենց փորձն ու «նոու-հաուն» բերել եւ Հայաստանի ֆոնդային բորսան դարձնել ամուր, նորարար եւ հարմար հարթակ՝ ներդրողների համար այն ծառայեցնելով որպես դարպաս դեպի նոր շուկաներ: Սա նաեւ կհանգեցնի տարածաշրջանային ընդլայնմանն ուղղված մեր փոխադարձ ձգտումների իրագործմանը», - ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
ՀՖԲ-ի հիմնական գործը ֆինանսական գործիքներով առեւտրի կազմակերպումն է եւ Հայաստանում ֆինանսական գործիքներով գործարքների համար քլիրինգային տան եւ վճարահաշվարկային ընկերության գործունեության իրականացումը: Ընկերության գրասենյակը տեղակայված է Հայաստանի մայրաքաղաք Երեւանում: ՀՀ կենտրոնական բանկը տնօրինում է Հայաստանի ֆոնդային բորսայի 90.1%-ը: Մնացած 9.9%-ը Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերն են: Գործարքից հետո ՀՀ ԿԲ-ն կպահպանի Հայաստանի ֆոնդային բորսայի 25% -ը, իսկ մնացած 10%-ը ձեռք կբերի երրորդ կողմը, որին նշանակելու է ՎՖԲ-ն:
ՏԵՂԵԿԱՆՔ
Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերման վերաբերյալ
Կենտրոնական բանկը համաձայնության է եկել Վարշավայի ֆոնդային բորսայի (ՎՖԲ) հետ՝ Հայաստանի ֆոնդային բորսան (ՀՖԲ) ձեռքբերելու վերաբերյալ։
Ըստ ՀՀ ԿԲ-ի եւ ՎՖԲ-ի միջեւ ստորագրված մտադրությունների մասին հուշագրի, որը չունի պարտադիր իրավական ուժ եւ սահմանում է հետագա բանակցությունների հիմնական պայմանները, ՎՖԲ-ը նախատեսում է ձեռքբերել ՀՖԲ-ի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը։ Գործարքի վերջնական պայմանները կպարզվեն անհրաժեշտ ուսումնասիրությունները իրականացնելուց եւ կորպորատիվ հաստատումները ստանալուց հետո։
ՎՖԲ-ը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ամենամեծ եւ զարգացած շուկան է։ ՎՖԲ-ը կազմակերպում է առեւտուր բաժնետոմսերով, պարտատոմսերով, ածանցյալ գործիքներով, ֆոնդերի բաժնետոմսերով, այլ գործիքներով։ ՀՀ կենտրոնական բանկը տեսնում է ՎՖԲ-ին որպես հուսալի գործընկեր, որն ունակ կլինի ապահովել կապիտալի շուկաների զարգացում եւ ընդլայնում:
ՎՖԲ-ն հանդիսանում է հրապարակային ընկերություն, եւ իր բաժնետոմսերը 2010 թվականից ցուցակված են հենց իր մոտ՝ շուրջ 300 մլն եվրո կապիտալիզացիայով։
ՎՖԲ-ի մուտքը լուրջ խթան կարող է հանդիսանալ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման համար։ ՎՖԲ-ի փորձառությունը թույլ կտա իրականացնել մի շարք զարգացման ծրագրեր, այդ թվում՝ նորարարական տեխնոլոգիաների ներդրում, նոր առեւտրային համակարգի ներդրում, հայկական եւ լեհական շուկաների հեշտացված փոխգործակցություն (փոխադարձ հասանելիության մեխանիզմներ), նոր գործիքներով առեւտրի կազմակերպում եւ այլն։ Դրանց իրականացման համար կմշակվի առանձին Գործողությունների ծրագիր։
Նմանատիպ նյութեր
1424 դիտում
11:51 24-05-2022
Վարշավայի ֆոնդային բորսան ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65,03 տոկոսը. ԿԲ
1459 դիտում
09:40 07-06-2016
Հայաստանի ֆոնդային բորսան դուրս է մղվել մեր երկրի ֆինանսատնտեսական կյանքից. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1015 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
994 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր