211652_close_icon
views-count1878 դիտում article-date 15:05 27-09-2020

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Հռոմի Սրբազան Քահանայապետի հետ. աղոթք է բարձրացվել խաղաղության վերականգնման համար

Սեպտեմբերի 27-ին Վատիկանում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջև ձևավորված սերտ հարաբերություններին և տարբեր ոլորտներում առկա գործակցությանը։ Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Ադրբեջանի կողմից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սարձազերծված գործողություններին, որոնք հետևանքով զոհեր կան նաև խաղաղ բնակչության մեջ։ Ռազմական գործողությունների դադարեցման և հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց Կաթոլիկ Քույր Եկեղեցու և նրա հովվապետի ձայնը։ Դատապարտելով Ադրբեջանի կողմից դրսևորած ագրեսիան՝ Նորին Սրբությունը հաստատեց, որ Արցախի ժողովրդի իրավունքների հարգմամբ և արդարության հռչակումով միայն հնարավոր կլինի վերահաստատել խաղաղությունն ու կայունությունը։ Երկու հովվապետերը աղոթք բարձրացրեցին խաղաղության վերականգնման համար։ Առավոտյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պետրոսի տաճարում ներկա գտնվեց Սուրբ Պատարագի արարողությանը։ Պատարագիչ Լանզարի արքեպիսկոպոսը, ողջունելով Վեհափառ Հայրապետի ներկայությունը սրբազան արարողությանը, մասնակից եկեղեցականներին և հավատացյալներին տեղեկացրեց վաղ առավոտյան վերսկսված հակամարտության մասին։ Լանզարի արքեպիսկոպոսը ներկաների անունից զորակցություն հայտնեց Հայոց Եկեղեցուն և հայ ժողովրդին՝ աղոթելով Արցախի և արցախահայության անվտանգ ու ապահով կյանքի վերահաստատման համար։

Նմանատիպ նյութեր