211652_close_icon
views-count40075 դիտում article-date 14:38 28-09-2020

Կնյազ Հասանովը կոչ արեց տարբեր երկրների իր քուրդ հայրենակիցներին զորակցություն հայտնել հայ ժողովրդին

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության՝ ազգությամբ քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը կոչ արեց Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի իր քուրդ հայրենակիցներին, որ իրենց զորակցությունը հայտնեն հայ ժողովրդին՝ կանխելու թուրքական և ադրբեջանական իշխանությունների հեռահար նպատակները: «[url=https://armenpress.am/arm/news/1029225.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին պատգամավորն ասաց խորհրդարանում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանը: «Հենց առաջին օրից թուրքական իշխանությունը տարածեց հայտարարություն, որ զորակցում է Ադրբեջանին և միշտ կանգնելու է նրա կողքին: Թուրքական իշխանությունները նույն ձևով ամեն օր բացահայտ հայտարարում են, որ պետք է ոչնչացնել քրդական բոլոր կուսակցություններին և քուրդ ժողովրդին»,-նկատեց Հասանովը: Պատգամավորը նշեց, որ ամեն օր ցեղասպանություն է կատարվում քուրդ ժողովրդի նկատմամբ: «Մենք դատապարտում ենք թուրքական իշխանությունների և Ադրբեջանի այս դիվերսիան և միաժամանակ մեր աջակցությունն ու զորակցությունը հայտնում հայ ժողովրդին և միշտ կանգնելու ենք նրա կողքին»,-ասաց նա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրքական իշխանությունները բացահայտ ցեղասպանություն են կատարում քուրդ ժողովրդի նկատմամբ և 100 տարի առաջ այդ նույն ցեղասպանությունը կատարել են հայ ժողովրդի նկատմամբ՝ պատգամավորը դիմեց կոչով. «Կոչ եմ անում Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի իմ քուրդ հայրենակիցներին, որ սատար կանգնեն և իրենց զորակցությունը հայտնեն հայ ժողովրդին՝ թուրքական և ադրբեջանական իշխանությունների հեռահար նպատակների դեմն առնելու»: Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 31 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:

Նմանատիպ նյութեր