211652_close_icon
views-count2280 դիտում article-date 16:44 28-09-2020

Եզդիական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ կամավորագրվել են Արցախ մեկնելու համար

Հայաստանի եզդիական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ զինվորագրվում են և մեկնում Արցախ՝ պաշտպանելու Հայրենիքի սահմանները: «[url=https://armenpress.am/arm/news/1029245.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը: Արմավիրում քաղաքացիները կազմակերպված զինվորագրվում են Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Զինվորագրվում և Արցախ են մեկնում նաև բազմաթիվ եզդիներ։ «Մեր համայնքից դեռ երեկվանից բոլորը գնում են զինկոմիսարիատներ և կամավորագրվում: Եզդիները միշտ պատրաստ են պաշտպանել հայրենիքը»,- նշեց Թամոյանը: Անդրադառնալով արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին՝ Հայաստանի եզդիների միության նախագահն ընդգծեց, որ խստորեն դատապարտում է: «Շփման գծում տեղի ունեցողն անմարդկային գործողություններ են, և ես խստորեն դատապարտում եմ: Ադրբեջանական կողմը շատ ագրեսիվ քաղաքականություն է վարում, իսկ Թուրքիան էլ օժանդակում է»,- ասաց Թամոյանը: Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 59 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:

Նմանատիպ նյութեր