211652_close_icon
views-count3961 դիտում article-date 21:22 01-10-2020

Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ պահանջել Բաքվից զերծ մնալ խաղաղ բնակչության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ ուղղված ոտնձգություններից․ մի շարք լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Մի շարք լրագրողական կազմակերպություններ հայտարարություն են տարածել Արցախի Մարտունի քաղաքում Ադրբեջանի կողմից լրագրողներին թիրախավորելու առնչությամբ։ Հայտարարությունը՝ ստորև․ «Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Արցախի Մարտունի քաղաքում Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով տուժել են տեղացի և օտարերկրյա լրագրողներ։ Մասնավորապես՝ վիրավորում են ստացել ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրող Ալան Կավալը և օպերատոր Ռաֆայել Շառլ Յաղոբզադեն, «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, «24news.am» տեղեկատվական կայքի լրագրող Սևակ Վարդումյանը։ Ռուսական «Дождь» հեռուստաալիքի թղթակից Դմիտրի Ելովսկին նույնպես ադրբեջանական կրակի տակ է ընկել, սակայն կարողացել է թաքնվել ապաստարանում, ինչպես շատ այլ լրագրողներ։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև «Agence France-Presse» (AFP) լրատվական գործակալության աշխատակիցներին տեղափոխող մեքենան: Ուշագրավ է, որ լրագրողները տուժել են բնակավայրում՝ զորքերի շփման գծից բավական հեռու, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ ադրբեջանական զինուժի մարտական գործողություններն ուղղված են նաև խաղաղ բնակչությանը։ Այս հանգամանքը, ինչպես նաև լրագրողներին թիրախավորելը Ժնևյան կոնվենցիայի պահանջների կոպտագույն խախտում է։ Հաշվի առնելով վերոգրյալը, մենք՝ լրագրողական կազմակերպություններս, կոչ ենք անում․ · միջազգային հանրությանը՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունները և պահանջել պաշտոնական Բաքվից՝ զերծ մնալ խաղաղ բնակչության, ինչպես նաև իրենց մասնագիտական պարտքը կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ ուղղված ոտնձգություններից, · ՀՀ և Արցախի Հանրապետության իշխանություններին՝ լրացուցիչ քայլեր ձեռնարկել լրագրողների անվտանգությունն ապահովելու համար»։ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Նմանատիպ նյութեր