119669 դիտում
18:50 06-10-2020
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Porsche Cayenne-ն ու Mercedes-ը. վերջինս վերածվել է մետաղե ջարդոնի. կա 1 զոհ, 2 վիրավոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 64-րդ կմ հատվածում՝ Քուչակ գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Mercedes մակնիշի և ռուսական համարանիշներով Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Մինչ վթարի վարում աշխատում էին նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 50-ամյա Թովմաս Բաղդասարյանը մահացել է, իսկ Porsche Cayenne-ի միջից Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 38-ամյա Իշխան Այվազյանն ու 35-ամյա Սամվել Մովսիսյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Բենիկ Սարգսյանի և Հովհաննես Մանուկյանի գլխավորութամբ:
Փաստի առթիվ Հ. Մանուկյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ամբողջական տվյալները:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 145+
145+